Եթե պատերազմ լինի, Ֆրանսիան զորք չի ուղարկի Հայաստան. Մուրադ Փափազյան
Այսօր ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանն ասաց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այլընտրանք չունի, պետք է հաջողի և պետք է հաջողի ոչ միայն հանուն Տավուշի, այլև Հայաստանի։
«Եթե ուզում ենք, որ Հայաստանն ունենա ապահով ապագա, պետք է, որ այս շարժումը հաջողի, որովհետև այսօր անընդունելի քաղաքականություն է տարվում ՀՀ կառավարության կողմից. զիջողական քաղաքականությունն անվերջ է։ Նիկոլ Փաշինյանն արդարացնում է, որ պետք է փոխանցել Տավուշի չորս գյուղերը, և դա արդարացնում է նրանով, որ եթե չտա, պատերազմ կլինի։ Բայց Ալիևը նաև պահանջում է Սյունիքը, Գեղարքունիքը, Երևանը և, վերջապես, ամբողջ Հայաստանը, որը համարում է իբրև «Արևմտյան Հայաստան»։ Ուրեմն՝ այս ամենին պետք է վերջ դնել, մենք ունենք ուժեղ Կառավարության, ազգային համերաշխության, Հայաստան-սփյուռք միասնականության ու համագործակցության անհրաժեշտություն»,- նշեց Մուրադ Փափազյանը։
Նրա խոսքով՝ այսօր ՀՀ իշխանությունը ճիշտ հակառակ քաղաքականությունն է վարում՝ փորձելով պառակտել Սփյուռքը, մասնատել հայ ազգին՝ տկարացնելով հայկական կողմին։
Նա շեշտեց, որ ֆրանսահայ համայնքը մասնատված է, որովհետև ՀՀ իշխանությունը նման քաղաքականություն է վարում, սակայն ավանդական կազմակերպությունները համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ։
«Այո, Փաշինյանի համար ապագա կա, բայց նույն ապագան չէ, որը մենք երևակայում ենք։ Մենք երևակայում ենք ուժեղ Հայաստան, որին կհարգեն միջազգային ընտանիքում։ Բայց Փաշինյանի ապագան այն է, երբ պատրաստ է ստորագրել պայմանագիր Ադրբեջանի հետ, բայց Ադրբեջանի գրիչով ստորագրված։ Նա պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել հարաբերություններ՝ տնտեսական, դիվանագիտական, բայց երեք տարի հետո Թուրքիան կսկսի իշխել ՀՀ տնտեսության վրա»,- շեշտեց նա։
Այս ամենի այլընտրանքը, ըստ Մուրադ Փափազյանի, իշխանափոխությունն է, նոր ազգային իշխանության ձևավորումը, հարաբերությունների ամրապնդումը ՌԴ-ի հետ։
«Ես չեմ կարող գնահատել ՌԴ-ի կեցվածքը, ես ժողովրդավարական երկրի մեջ եմ մեծացել, բայց եթե նայեք քարտեզը, այն հստակ ցույց կտա, որ Հայաստանը շրջափակված է թշնամիներով։ Այն գործընկերը, բարեկամը, որ ունեինք, որի հետ ստորագրվեց պայմանագիր, գրեթե թշնամու վերածեցին։
Դեմ չեմ, որ Հայաստանն ունենա կապեր արևմտյան տարբեր երկրների հետ, բայց երբ լսում եք, որ ԵՄ-ն ցանկանում է Թուրքիային լիազորել, որպեսզի նա զբաղվի Կովկասի հարցերով… Թուրքիան չեզոք չէ։ Եթե վաղը պատերազմական վիճակ լինի Հայաստանում, Ֆրանսիան զորք չի ուղարկի։ Ֆրանսիան կարող է աշխուժացնել զինվորական համագործակցությունը, բայց զորք չի ուղարկի»,- եզրափակեց Մուրադ Փափազյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում