Փաշինյանը երկար պետք է մտածի՝ արժե՞ հատուկ ջոկատայիններին օգտագործել շարժումը ցրելու համար. հանկարծ կարող է վարունգը թարս բուսնել. Գագիկ Համբարյան

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը 168.amի հետ զրույցում ասաց, թեև երեք օր առաջ Տավուշից մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակունքներում կանգնած է հայ հոգևորականությունը, քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձում են աջակցություն հայտնել շարժմանը՝ չհասկանալով, որ դրանով պարզապես վնասում են շարժմանը։

«Նիկոլական քարոզչամեքենան փորձում է քաղաքական ուժերի աջակցությունն օգտագործել հենց շարժման դեմ։ Ինքս կոչով դիմել էի այդ ուժերին, որպեսզի վերջ դնեն կոչերով աջակցությանը։ Սխալ է, երբ քաղաքական ուժերը փորձում են իրենց քաղաքական ուժի լիդերի և Բագրատ Սրբազանի լուսանկարները տարածել, սա ճիշտ չէ, հարգելիներս, դուք ձեր պայքարը պարտվել եք, հիմա թողեք՝ թող հոգևորականները մեզ ազատեն Նիկոլի աղետալի ու աղետաբեր իշխանությունից»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետի մեկնաբանությամբ՝ ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանն ունի երկու ճանապարհ։ Առաջինի մասին արդեն հայտարարել է՝  մայիսի 7-ին իր հայտարարած մամուլի ասուլիսով մարդկանց կփորձելու է համոզել, որ չմիանան Բագրատ Սրբազանին։

«Վստահ եմ, Նիկոլն իր ասուլիսի ժամանակ չի վարանելու իր ոճով կեղտոտել Բագրատ Սրբազանին՝ նրան մեղադրելով բազմաթիվ անօրինականությունների մեջ, կամ ասել, որ նա պատվեր է կատարում։ Հաշվի առնելով, թե Նիկոլին շրջապատող հանրահայտ ֆեյքերի ՊՈԱԿ-ը և նրա ներկայացուցիչներն  ինչ կեղծիքներ են տարածում, արդեն կարելի է եզրակացնել, թե Նիկոլն ինչ ուղղությամբ է տանելու իր մամուլի ասուլիսը։ Ամեն դեպքում իշխանությունների համար անհանգստացնող է այն հանգամանքը, որ ընդամենը երկու օր ծավալվող շարժումն այսպիսի մեծ թափ է առել։

Կարդացեք նաև

Երկրորդ տարբերակն այն է, որ Նիկոլը կփորձի շարժումը ցրել ոստիկանության միջոցով։ Սակայն չեմ կարծում՝ եթե Երևանի փողոցները լցվեն համապատասխան մարդկանցով, կամ շարժման ընթացքում մեծ քանակությամբ մարդիկ շրջապատեն Բագրատ Սրբազանին ու այլ հոգևորականների ու շարժվեն դեպի Երևան, ոստիկանական ուժերը կարող են ուժ կիրառել։ Նիկոլ Փաշինյանը շատ լուրջ ու երկար պետք է մտածի, արդյո՞ք արժե ոստիկանությանն ու հատուկ ջոկատայիններին օգտագործել շարժումը ցրելու համար, որովհետև հանկարծ կարող է վարունգը թարս բուսնել»,- հավելեց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետի բնորոշմամբ՝ իշխանությունների մանիպուլյատիվ ու կեղծարար մեքենան, ինչպես միշտ, ակտիվ աշխատում է, տարածում տարաբնույթ շինծու տեղեկություններ Տավուշից մեկնարկած շարժման վերաբերյալ։ Այդ կեղծարարության տարածման գործում ներգրավված են իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ՝ տարբեր ձևաչափերով։

«Այս ամենի մեջ ծիծաղելին ու զավեշտալին այն է, որ իշխանությունը «»5-րդ շարասյան» ներկայացուցիչ, «Կրեմլի գործակալ» է համարում այն մարդկանց, որոնք ոտքի են կանգնել իրենց սեփական հողը, հայրենիքը պաշտպանելու համար։

Ըստ Նիկոլի ու նիկոլականների, պարզվում է, որ հայը միշտ պետք է թուրքին տվողի դերում լինի, որպեսզի հանկարծ պատերազմ չլինի։ Այս ամենի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից առաջ ու հետո, տալիս ու տալիս է, և դրա վերջը չի երևում։ Իսկ թշնամու ախորժակն ավելի է մեծանում Նիկոլի «տվողական» քաղաքականության արդյունքում»,- շեշտեց նա։

Քաղաքագետը նաև վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը Բաքվի  իր գործընկերոջ հետ բոլոր մեթոդներով փորձելու է  խոչընդոտել ՀՀ-ում իշխանափոխությունը։ Չի բացառվում անգամ, որ Ալիևն ու Փաշինյանը համատեղ օպերացիա կազմակերպեն ՀՀ-ում իշխանափոխությունը կանխելու ու ձախողելու համար։

«Ադրբեջանի համար Նիկոլ Փաշինյանն իսկական նվեր է, քանի որ Ալիևն ունի իր սեփական ծրագիրը։ Նախ՝ Արցախը հանձնեցին, հետո՝ Հայաստանի 4 գյուղերի հանձնում, հետո հերթը կհասնի «անկլավներին», «միջանցքին», հայկական բանակի ոչնչացում, Սահմանադրության ու խորհրդանիշների փոփոխություն, Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում։ Վերջին կետով Ադրբեջանը Նիկոլին ստիպելու է Հայաստանը լցնել թուրքերով։ Սա էլ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը որևէ ծպտուն չի հանում Արցախից բռնի տեղահանված արցախահայերի, և 1988 թվականից իրենց տները կորցրած՝ Սումգայիթի, Բաքվի հայերի մասին»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը։

Տեսանյութեր

Լրահոս