«Թող շատանան, գան իրենց ձայնը հնչեցնեն՝ իշխանափոխություն հնարավոր է  միայն ԱԺ ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին». Ալեն Սիմոնյան  

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցնում էր, թե  չգիտի՝ Տավուշից մեկնարկած երթն ինչ պահանջ ունի։

«Հարձակվել Ադրբեջանի վրա՞, ես քաղաքական գործիչ եմ, ես քաղաքական առաջարկ չեմ լսել, նաև մեր քաղաքացիները։ Հարգանքով եմ վերաբերվում բոլոր մեր քաղաքացիներին, որոնք այլ կարծիք ունեն, որոնց հետ ես համաձայն չեմ, կարող եմ համաձայն չլինել, ինչպես իրենք՝ իմ կարծիքի հետ։ Ես քաղաքական պահանջ չեմ լսել, եթե իրենց առաջարկն Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ գործողություն անելն է, ևս մեկ քայլով հարձակվել, չգիտեմ, թող ջոկատներ…»,- ասաց  Ալեն Սիմոնյանը՝ անավարտ թողնելով սկսած միտքը։

Լրագրողի հարցին՝ քաղաքական պահանջը ո՞րն է, Նիկոլ Փաշինյանի հրաժարակա՞ն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ չգիտի, կա՞ նման պահանջ։

Լրագրողի դիտարկմանը, որ պահանջում են, որպեսզի միջազգային նորմերին համապատասխան տեղի ունենա սահմանազատման գործընթացը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ խոսքն ուղղելով լրագրողին.

Կարդացեք նաև

«Իսկ ո՞վ է ասում, ես ձեզ հետ համաձայն չեմ, կասեցնել սահմանազատումը, նշանակում է՝ դեմ են, հարգելիս։ Դա ձեր մեկնաբանությունն է, հարգելիս, և խնդրում եմ ձեր մեկնաբանությունը մի բերեք։

Տեսնում եք, արդեն նույնիսկ լրագրողներով չեք կարողանում հստակ պահանջ ձևակերպել»։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ Հայաստանը միակողմանի զիջումների չի գնում, այլ ֆիքսում է իր սահմանը, և այդ գործընթացը շարունակվելու է։ Դա անում է այն քարտեզներով, որոնք ունեն իրավական հիմքեր, այդ քարտեզներին ՀՀ իշխանությունն ամբողջովին տիրապետում է։

Լրագրողի հարցին ՝ իշխանափոխության վտանգ տեսնո՞ւմ է, քանի որ Տավուշից մեկնարկած շարժման մասնակիցների թիվը շատանում է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ չգիտի՝ մասնակիցների թիվը շատանո՞ւմ է, թե՞ ոչ, դրա հետ կապված որևէ մեկնաբանություն չունի։

«Թող շատանան, թող գան իրենց ձայնը հնչեցնեն։ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է  միայն ԱԺ ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին»,- նշեց Ա. Սիմոնյանը։

Լրագրողի հարցին՝ այդ դեպքում, ինչպե՞ս 2018 թվականին իշխանությունը վերցրեցին փողոցային շարժման միջոցով, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ այն ժամանակ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով։

«ՀՀ ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը, ընտրեց իր ցանկացած իշխանությանը, իսկ դրանից հետո՝ 2021 թվականին, նորից գնաց ընտրությունների, և ձևավորվեց իշխանություն։ Ինչ վերաբերում է  իրավիճակին, ապա իրավիճակ փոխվում է ժամը մեկ, ամեն մեկի ընտանիքում ու գլխում, երբ ինքը մտածում է, որ իրավիճակ է փոխվում։ Այդպես իմ կարծիքով էլ՝ իրավիճակը փոխվում է ժամը մեկ այլ ուղղությամբ, բայց ես դրա մասին չեմ բարձրաձայնում»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Հաջորդ հարցին՝ ինչո՞ւ է բացառում, որ Բագրատ սրբազանի գլխավորությամբ մեկնարկած շարժումը կարող է վերածվել համաժողովրդական շարժման, Ալեն Սիմոնյանն ասաց, որ որևէ բան չի բացառում։

«Ես ասում եմ, երբ կլինի քաղաքական առաջարկ, քաղաքական գործընթաց երբ կլինի… նույնիսկ չեմ հասկանում՝ սա ինչ պրոցես է, որովհետև ես չգիտեմ՝ մենք կրոնապետությո՞ւն եք, ինչո՞վ ենք մենք հիմա զբաղված, ի՞նչն է առաջարկը։ Քաղաքացին պետք է առաջարկ ունենա»,- շեշտեց ԱԺ նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս