ԱԺ պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպանին
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ:
Խորհրդարանից տեղեկացնում են, որ փետրվարի 29-ին կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը:
Վասիլիս Մարագոսը ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, դրանց ընթացքը: Դեսպանը գոհունակությամբ նշել է, որ ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրով Հայաստանի համար նախատեսված 2,6 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթից 550 միլիոնն արդեն տեղաբաշխվել է: Սրան զուգահեռ շարունակվում են բյուջետային աջակցության ծրագրերով իրականացվող բարեփոխումները:
Վասիլիս Մարագոսի խոսքով ԵՄ-ն փորձում է նաեւ իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք կնպաստեն Հայաստանում զբաղվածության ոլորտում հնարավորությունների եւ հավելյալ արժեքի ստեղծմանը:
Հայ խորհրդարանականներն արժեւորել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը, ընդգծել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ներկայում մշակման փուլում գտնվող ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների նոր փաթեթին: