Կոնդ թաղամասի բնակիչների հետ կապված ի՞նչ գումարների մասին է խոսվել քաղաքապետարանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր Կոնդ թաղամասի՝ ամբողջ ծավալով օտարման մասին՝ «նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար»: Նույն խորհրդակցության ժամանակ խոսվել էր 139 000 և 214 000 ՀՀ դրամի մասին: Սա բավական բուռն քննարկումների առիթ էր դարձել, քանի որ մարդկանց շրջանում տպավորություն էր առաջացել, որ խոսքը, ըստ գոտիականության, օտարման գնի (1 քմ-ի), այսինքն՝ փոխհատուցման չափի մասին է:

Իրականում, մեր տեղեկություններով, այս թվերը վերաբերում են տեղական տուրքին: Բանն այն է, որ Կոնդում այսօր առկա են սեփականության ու հողատարածքների չափերի հետ կապված բազմաթիվ վիճահարույց կամ բաց մնացած խնդիրներ: Ուստի, միայն դրանց լիարժեք լուծումից հետո հնարավոր կլինի խոսել փոխհատուցման հստակ չափի մասին:

Դրա համար քաղաքապետարանի կողմից, ըստ բնակիչների դիմումների, պետք է իրականացվեն թաղամասի սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգնման աշխատանքներ, որոնց համար նախատեսված է սահմանված կադաստրային արժեքի վճար՝ 2 տոկոսի չափով:

Ըստ այդմ, օրինակ՝ 100 քմ տարածքի համար համապատասխան հաշվարկներով կադաստրային մի գոտում (սահմանված արժեք՝ 139 հազար դրամ) այդ աշխատանքների համար քաղաքացին վճարելու է 278 000 ՀՀ դրամ, իսկ կադաստրային մյուս գոտում (214 000 դրամ)՝ 428 000 ՀՀ դրամ տեղական տուրք:

Ինչ վերաբերում է Կոնդի բնակիչների փոխհատուցմանը, ապա այն իրականացվելու է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով, այսինքն՝ շուկայական արժեք + 15 % սկզբունքով»:

Տեսանյութեր

Լրահոս