
Լավրովն այս շաբաթ կայցելի Թուրքիա

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ին կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Անատոլիական համաժողովին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Լավրովը մարտի 1-2-ին Թուրքիա կայցելի այդ երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով՝ մասնակցելու Անատոլիական դիվանագիտական համաժողովին։ Այցի ընթացքում նախատեսվում են բանակցություններ Լավրովի և նրա թուրք գործընկերոջ միջև։
«Այս հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին` երկկողմ փոխգործակցության իրավիճակն ու հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ առևտուր, էներգետիկա, անվտանգություն, բնականաբար, բանկային ոլորտ, զբոսաշրջություն և այլն», – հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Բացի այդ, նախարարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի, այդ թվում` Ուկրաինայում, Անդրկովկասում իրադրության, պաղեստինաիսրայելական հարցերի, Սիրիայի և Լիբիայի շուրջ, հայտնել է Զախարովան։
Նա հավելել է, որ Լավրովը Անատոլիական համաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։