Բաժիններ՝

Գերմանական ֆրեգատը հետ է մղել հութիների հարձակումը Կարմիր ծովում

Գերմանիայի ռազմածովային ուժերի Hessen ֆրեգատը փետրվարի 27-ին՝ Եմենի հութիների հետ իր առաջին մարտական ​​բախումների ժամանակ, հաջողությամբ խոցել է երկու անօդաչու թռչող սարք՝ հետ մղելով նրանց գրոհը Կարմիր ծովում: Ինչպես տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին հայտնել է Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) ներկայացուցիչը:

Ավելի վաղ՝ փետրվարի 24-ին, Բունդեսթագը (Գերմանիայի խորհրդարան) Բունդեսվերին մանդատ էր տրամադրել` մասնակցելու Եվրամիության Aspides (հունարեն՝ «Վահաններ») առաքելությանը՝ առևտրային նավերը հութիների հարձակումներից պաշտպանելու համար:

Hessen ֆրեգատը՝ 240 զինծառայողներով, շարժվել է գործողության անցկացման գոտի՝ պաշտոնական մանդատ ստանալուց անմիջապես հետո։ Նոր մանդատը Բունդեսվերին թույլ է տալիս Aspides առաքելությանը ներգրավել մինչև 700 զինվորականի:

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նշել է, որ այդ առաքելությունը Բունդեսվերի համար կդառնա «ամենավտանգավորներից մեկը տասնամյակների ընթացքում»։ Սակայն, նրա խոսքով, դա հարկավոր է «ծովային ուղիների ազատությունն ապահովելու» համար և «ավանդ է տարածաշրջանի կայունացման գործում»։

ԳԴՀ-ի ռազմածովային ուժերը հաղորդել են, որ պատրաստվում են հետ մղել հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և «կամիկաձե կատերների» գրոհները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս