Պաղեստին-Իսրայել հակամարտության հարցում Հայաստանն ընդունում է 2 պետությունների գոյության փաստը․ Վահագն Խաչատուրյան
Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հարցում Հայաստանի դիրքորոշումը հստակ է․ Երևանն ընդունում է երկու պետությունների գոյության փաստը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Բաղդադի համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը Պաղեստինի հարցում։
«Հայաստանը հստակ դիրքորոշում ունի պաղեստինյան հակամարտության հարցում։ Մենք դրա մասին բարձրաձայնելու առիթներ էլի ենք ունեցել։ Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ընդունում ենք երկու պետությունների գոյության փաստը։ Մենք հրապարակային այսպիսի դիրքորոշում ենք հայտնել տարբեր հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի տարբեր բանաձևերի ընդունման ժամանակ։ Մենք առաջին իսկ օրվանից կոչ ենք արել դադարեցնել հակամարտությունը և բանակցային դաշտ մտնել ու հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե հարցը լուծել ռազմական գործողություններով»,- նշեց ՀՀ նախագահը։
Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, որ ասվածը վերաբերվում է հակամարտության երկու կողմերին՝ շեշտելով, որ պետք է աշխատի հարևանների՝ միմյանց հետ խաղաղ ապրելու սկզբունքը։
ՀՀ նախագահը հավելեց, որ այդ հակամարտության շարունակականությունը մեծ վտանգ է ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի համար։