Բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման լիցենզավորման պարտադիր պահանջը կհետաձգվի

Բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման գործունեության համար լիցենզավորման պահանջի վերաբերյալ սահմանված անցումային շրջանը կերկարաձգվի։ Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արման Գասպարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նա նշեց, որ գործող օրենքով սահմանվել է անցումային շրջան, ըստ որի՝ նշված պահանջները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը չեն տարածվելու մինչև նույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը (2022 թվականի հոկտեմբերի 22) ՀՀ-ում բժշկական արտադրատեսակների արտադրությամբ կամ սպասարկմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների վրա։

«Սահմանվել են բժշկական արտադրատեսակների արտադրության, ինչպես նաև սպասարկման լիցենզավորման կարգերը»,-հավելեց փոխնախարարը։

Նշված կարգերի համաձայն՝ բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման համար լիցենզիաները տալիս է Առողջապահության նախարարությունը՝ փորձագիտական կազմակերպության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացության հիման վրա: Ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի ընդունման հետաձգումը կրճատել է տնտեսվարող սուբյեկտներին լիցենզավորման գործընթացին պատրաստվելու և սահմանված պահանջները կատարելու համար տրված անցումային շրջանը: Հատկապես ժամանակատար է տնտեսվարողների կողմից որակի կառավարման համակարգերի ներդրումը և համապատասխան հավաստագրումը, որը միջինում տևում է 7-9 ամիս:

Նկատի ունենալով խնդիրը՝ նախագծով առաջարկվում է բժշկական արտադրատեսակների արտադրությամբ կամ սպասարկմամբ զբաղվողներին լիցենզավորման պարտադիր պահանջը 2024 թվականի հունվարի 1-ից հետաձգել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

Տեսանյութեր

Լրահոս