Անձի 65 տարին լրանալն այլևս արգելք չէ կենդանի դոնոր հանդես գալու համար. փոխնախարար

Կառավարությունն առաջարկում է օրենսդրական ամրագրում տալ «կենսաբանական մահ» հասկացությանը, ինչպես նաև սահմանել օրենսդրական հիմք` լիազոր մարմնի կողմից մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը հաստատելու համար:Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը՝ ներկայացնելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարի խոսքով՝ ներկայումս գործող «Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքն ընդունվել է դեռևս 2002 թվականին: Օրենքի ընդունումից հետո առողջապահության ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտերը ենթարկվել են բազմաթիվ էական փոփոխությունների, ուստի, օրենքի և այլ ոլորտային օրենքների միջև համապատասխանությունն ապահովելու և փոխպատվաստման ոլորտում գործնականում առաջացած մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սույն նախագծի մշակումը։

«Նախագծով կատարվող փոփոխության շրջանակներում օրենքում օգտագործվող հասկացություններում ուղեղի մահից բացի սահմանվում է նաև կենսաբանական մահվան հասկացությունը, ինչն անհրաժեշտ է որոշ օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման դեպքում:

Ներկա բժշկագիտությունը հնարավորություն է տալիս երիկամի, լյարդի և եղջերաթաղանթի փոխպատվաստման նպատակով դոնորություն իրականացնել կենդանի կամ հաստատված մահվան փուլում գտնվող անձից հիվանդանոցային պայմաններում։ Միևնույն ժամանակ, առավել ընդունելի և կիրառելի է մահացած մարդու մարմնից, դիակից եղջերաթաղանթի դոնորությունը, որն իրականացվում է դիահերձարանային պայմաններում։ Ուստի, մահացած մարդու մարմնից եղջերաթաղանթի դիակային դոնորության դեպքում բժշկագիտորեն անընդունելի է ուղեղային մահվան փաստի հաստատումը, քանի որ այլևս բացակայում են օրգանիզմի ֆիզիոլոգիական ողջ ֆունկցիաները և դրանց արհեստական ապահովումը դեղերի սնուցման և բժշկական սարքավորումների միջոցով։

Բացի օրենքով սահմանված կենդանի դոնորներից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգանների ցանկից՝ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին տրվում է լիազորություն՝ սահմանելու մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը»,-ասաց փոխնախարարը։

Նախագծով վերանայվել են նաև փոխպատվաստման նպատակով համաձայնություն տված կենդանի դոնորի իրավունքները և ամրագրվել է, որ վերջինս իրավունք ունի օրգանը կամ հյուսվածքը վերցնելուց հետո լիազոր մարմնի սահմանած կարգով գտնվել շարունակական (դիսպանսերային) հսկողության մեջ:

«Բացի այդ, նախագծով այլ փոփոխության համաձայն՝ անձի 65 տարին լրանալն այլևս արգելք չէ կենդանի դոնոր հանդես գալու համար:

Նախագծի ընդունման արդյունքում օրենքով հստակ կնախատեսվեն դրույթներ նաև լիազոր մարմնի կողմից բնակչության շրջանում իրականացվող տեղեկատվության տրամադրման մասին՝ որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի, դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնության տրման իրավունքի վերաբերյալ»,-եզրափակեց փոխնախարարը։

Տեսանյութեր

Լրահոս