2023 թվականին պետական միջոցներով հանրապետությունում ասֆալտապատվել է 501 կմ ճանապարհ. Սանոսյան

2023 թվականին ամբողջովին պետական միջոցներով հանրապետությունում իրականացվել է 501 կմ ճանապարհների ասֆալտապատում։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ բացի այդ իրականացվել է ևս 55 կմ ճանապարհի ներքին շերտի ասֆալտապատում, որի վերջին շերտի ասֆալտապատումը կիրականացվի այս գարնանը։

«Ընդ որում՝ մեր հայրենակիցներից շատերը հաճախ այդ ճանապարհներին երթևեկում են և չգիտեն, որ այն անավարտ է։ Ենթադրենք՝ երկու շերտը տեղադրված է, երրորդը՝ ոչ, բայց երկու շերտն արդեն լավ, երթևեկելի ճանապարհ է»,-նշեց Սանոսյանը։

Նրա տեղեկատվությամբ՝ ընդհանուր առմամբ, սուբվենցիոն ծրագրերի հետ մեկտեղ նախորդ տարի հանրապետությունում 800-803 կմ ճանապարհ է ասֆալտապատվել։

«Իհարկե, շատ մեծ ցուցանիշ է, բարդ է կառավարել և այդ ցուցանիշի առումով բերում է որոշ խնդիրներ։ Մյուս կողմից՝ շատ ուրախացնող է երկու առումով. նախ՝ այդքան ենթակառուցվածք է բարելավվել՝ իր բոլոր տնտեսական հետևանքներով, և երկրորդը՝ դա նշանակում է մեր երկրում այս ոլորտում մենք կարողացել ենք մասնավոր գործընկերների հետ աշխատանքի արդյունքում ձևավորել այնքան կարողություն, որ հայաստանյան շինարարական ընկերությունները կարողանան 800 կմ ճանապարհ ասֆալտապատել, ինչը բավականին լավ արդյունք է»,-ընդգծեց նախարարը։

Նրա խոսքով՝ հանրապետությունում, հատկապես Սյունիքում, եղել են ճանապարհներ, որոնք ամբողջովին նոր են կառուցվել: Տարիներ առաջ դժվար կլիներ պատկերացնել, որ որևէ հայկական ընկերություն՝ իր կարողություններով, մասնագիտական հնարավորությամբ ու տեխնիկայով ի զորու է նոր ճանապարհ կառուցել։

«Ես նկատի ունեմ, որ նոր ճանապարհների կառուցման ընթացքում բավականին փորձ, գիտելիք է կուտակվում և հիմա դա բերել է նրան, որ բարձր ստանդարտներ ունեցող Հյուսիս-հարավ ճանապարհի երկու հատված ունենք, որտեղ թեև շահող ընկերությունները հնդկական և իսպանական են, բայց հիմնական աշխատուժը և ընկերությունները, որ աշխատում են այդ հատվածներում, հայկական են»,-պարզաբանեց Սանոսյանը։

Ըստ նրա՝ ընթացիկ տարին վճռորոշ է Հյուսիս-հարավի՝ Քաջարան-Ագարակ հատվածի և Աշտարակ-Թալին ճանապարհատվածներում աշխատանքների համար։

Գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ մեծածավալ աշխատանքներ կիրականացվեն, որոնց արդյունքում դեպի Գյումրի, Թալին որոշ ճանապարհահատվածներ երթևեկելի կդառնան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829