Սևանա լճում կատարված խմբակային խուլիգանության վերաբերյալ վարույթով 5 անձի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ավարտվել է 2023 թ. դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում մի խումբ անձանց կողմից կատարված կողոպուտի, խուլիգանության, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը բռնությամբ միջամտելու դեպքի նախաքննությունը՝ ևս 5 մեղադրյալի մասով։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ քննությամբ պարզվել և հիմնավորվել է՝ Նորատուս գյուղի հիշյալ 5 բնակիչները, իրենց և հարակից բնակավայրերի տասնյակ այլ ձկնորսների հետ, տեղեկանալով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ջրային պարեկների՝ դեկտեմբերի 19-ին՝ Սևանա լիճ նախատեսված շրջայցի և այդ ընթացքում իրենց կողմից լճում ապօրինի տեղադրված ձկնորսական ցանցերի հնարավոր դուրսբերման մասին, նպատակադրվել են միջամտել վերջիններիս օրինական ծառայողական գործունեությանը:

Ձկնորսները մոտորանավակներով, դիմակավորված մոտեցել են հիշյալ պաշտոնատար անձանց, շրջապատել նրանց նավակները՝ միաժամանակ պահանջելով լճից դուրս չբերել իրենց ձկնորսական ցանցերն ու այլ պարագաները:

Մերժում ստանալով՝ դիմակավորված անձինք, այդ թվում՝ ինքնությունները պարզված՝ Գեղարքունիքի մարզի նշված 5 բնակիչները, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, նախ հայհոյանքներ են հնչեցրել շրջայց կատարող աշխատակիցների հասցեին, ապա նրանց մի մասը ջրով և դյուրավառ հեղուկներով լցված շշեր, փայտեր, երկաթյա առարկաներ են նետել նավի վրա գտնվող աշխատակիցների ուղղությամբ:

Նշվում է, որ չբավարարվելով կատարածով, ձկնորսների առանձին մի խումբ մոտեցրել է «Սևան» ազգային պարկ»-ի նավի հետևից կապված շուրջ 6.7 մլն ՀՀ դրամ արժողությամբ մոտորանավակին, հանել թիերը, և դրանցով ու այլ առարկաներով հարվածելով վնասել այն, պոկել շարժիչն ու այլ մեխանիզմներ: Իսկ 35-ամյա անձը կտրել է մոտորանավակը պահող ճոպանն ու հափշտակել այն:

Բացի այդ, մոտ չորս տասնյակ անձինք, այդ թվում՝ վերոնշյալ 5 անձանցից 4-ը, բարձրացել են «Սևան» ազգային պարկ»-ի նավի վրա, ձեռքերով, ոտքերով և այլ առարկաներով հարվածներ հասցնել աշխատակիցներին՝ նրանց պատճառվելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ:

Հանցավոր արարքների կատարման համար ինքնությունները պարզված 5 անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով, երկրորդին՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, մոտորանավակը հափշտակած 35-ամյա տղամարդուն՝ 253-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, մյուս երկուսին՝ միայն 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Նրանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նշված 5 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և նրանց վերաբերյալ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Խուլիգանական արարքներին մասնակցած այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ, ինչպես տեղեկացրել էր ՀՀ քննչական կոմիտեն, ավարտվել էր նաև Գեղարքունիքի մարզի ևս մեկ՝ 27–ամյա բնակչի վերաբերյալ քրեական վարույթը։ Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել էր, որ Սևանա լճում կատարված վերոնշյալ միջադեպից հետո, երբ Ոստիկանության ծառայողները սկսել էին իրականացնել միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելու ուղղությամբ, քաղաքացիներին ոստիկանական ավտոմեքենաների մեջ նստեցնելու ընթացքում, 27–ամյա երիտասարդը դանակով բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել էր ոստիկանության ծառայողի վրա և փորձել հարվածել նրան։ Ոստիկանության ծառայողը, խույս տալով հարվածից, սայթաքել և վայր էր ընկել, իսկ 27–ամյա երիտասարդը, շարունակելով իր հանցավոր մտադրությունը և օգտվելով ոստիկանի՝ պառկած դիրքում գտնվելու հանգամանքից, դանակով հարվածել էր վերջինիս գոտկատեղի հետևի հատվածին՝ վնասելով ոստիկանական համազգեստը։

27–ամյա երիտասարդին մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և վերջինս կալանավորվել էր։ Նրա վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել էին դատարան։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:ՀՀ քննչական կոմիտե:

Տեսանյութեր

Լրահոս