
Տեխասի նահանգապետն արտակարգ դրություն է սահմանել սաստիկ անտառային հրդեհների պատճառով

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը նահանգի 60 շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել հզոր անտառային հրդեհների պատճառով:
«Նահանգապետ Գրեգ Էբոթը արտակարգ դրության մասին հայտարարություն է հրապարակել Տեխասի 60 շրջանների համար՝ ի պատասխան ամբողջ նահանգում բռնկված լայնածավալ անտառային հրդեհների», – ասված է մամուլի տեղեկագրում։
Նշվում է, որ իրավիճակի փոփոխությանը զուգահեռ արտակարգ դրություն կարող է հայտարարվել նաև Տեխասի այլ շրջաններում։
Ըստ հայտարարության՝ չոր պայմանների, նորմայից բարձր ջերմաստիճանի և ուժգին քամու պատճառով անտառային հրդեհների վտանգը մեծացել է։
Տեխասի նահանգի անտառտնտեսության ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր մի քանի շրջաններում անտառային հրդեհների մասին: Փենհենդլ քաղաքում հրդեհների արագ տարածման պատճառով մարդկանց տարհանումներ են իրականացվել: