2020-ին ՀՀ-ում կալանավորների թիվը եղել է 986-ը, փետրվարի 1-ի դրությամբ՝ 1406-ը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՆԳՆ-ն եւ Արդարադատության նախարարությունը ներքին քննարկումների մեջ են, թե ինչ անեն՝ կալանավորներին պատշաճ դատարաններ հասցնեն, որ դատավորների ու փաստաբանների զայրույթը զսպվի, ու դատարանները բնականոն աշխատեն։

Տեղեկացանք, որ փակ քննարկման ժամանակ հարց է բարձրացվել, թե կալանավորների թիվը այնքան է շատացել, որ ոստիկանների ուղեկցող խումբը չունի այդքան աշխատակից, որ կարողանա ապահովել բոլոր կալանավորների ուղեկցումը։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ, օրինակ, 2020 թվականին ՀՀ-ում կալանավորների թիվը եղել է 986-ը, իսկ, ահա, այսօր ՀՀ-ում փետրվարի 1-ի դրությամբ կալանքի տակ է գտնվում 1406 քաղաքացի։ Ստացվում է, որ 2020 թվականից մինչ օրս կալանավորված անձանց թիվն աճել է 420-ով։
Ինչով կավարտվեն այս քննարկումները, դժվար է ասել, սակայն փաստ է, որ դատարաններում դժգոհության ալիք է հասունացել։

Հիշեցնենք, որ փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նիստը 5 րոպեից հետաձգելու եմ, ուրիշ գործով նիստ ունեմ, կալանավորին կարող եք հետ տանել»։

Դատավորի դժգոհությանը միացել էին նաեւ գործով մասնակցող փաստաբաններն ու դատախազը՝ ասելով, որ համատարած այս վիճակն է։ Կալանավորի ներկայությունը դատական նիստերին ապահովելը պետության պոզիտիվ պարտավորությունն է, որը չի կատարվում։ Մեկ գործով ուշացումը շղթայաբար տարածվում է հաջորդների վրա, եւ խախտվում է օրվա աշխատանքային գրաֆիկը»։

Տեսանյութեր

Լրահոս