«Զարմանում եմ՝ գրպանային ընդդիմադիր և Սպարապետի ազգանունը կրողն ինչպե՞ս է կարողանում լինել այդպես պատվեր կատարող». Սամվել Լուլուկյան

Փետրվարի 18-ին Մյունխենում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր, այսպես կոչված, Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նշում ենք՝ այսպես կոչված, որովհետև Փաշինյանի հետ նույն սենյակում նստած էին մոտ 20 հոգի, որոնցից գրեթե ոչ ոք չէր ներկայացնում Գերմանիայի կարևոր հայկական կառույցները, քանզի այդ կառույցները ներկայացնողները հրաժարվել էին Փաշինյանի հետ հանդիպումից, ինչից դրդված էլ, հավանաբար, Փաշինյանը ստիպված է եղել իր հետ մարդ տանել Հայաստանից։

Այդ հանդիպման ժամանակ հանդիպմանը ներկա Գերմանիայի հայ համայնքի թերևս միակ հայտնի ներկայացուցիչ Սամվել Լուլուկյանը Փաշինյանին հարցրեց՝ չի՞ պատրաստվում առհասարակ հեռանալ քաղաքականությունից, քանզի տապալվել է ամբողջությամբ, և նրա մոտ ոչինչ չի ստացվում։

Այս հարցադրումը դուր չի եկել Հայաստանի հակառուս կարկառուն գործիչներից մեկին՝ Փաշինյանի հետ դաշինք կազմած «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանին, քանզի, ըստ նրա, այն բխում է՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերից։

«Ռուսական կողմից ուղղորդված եմ համարում Փաշինյանին տրված հարցը, թե ինչո՞ւ հրաժարական չեք տալիս»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանի հրաժարականն «ուզում է Ռուսաստանը, իր հինգերորդ շարասյունը, Թուրքիան և Ադրբեջանը», ուստի ինքը չի հասկանում՝ այդ հարցադրում անողը փողի՞ համար է նման բան անում, թե՞ «հայի ազգանունով մոլորյալ է»։

Արամ Սարգսյանին հուզող հարցի պատասխանը 168.am-ը փորձեց ստանալ անձամբ հարցը հնչեցրած Սամվել Լուլուկյանից։

Վերջինս չցանկանալով հավելյալ ուշադրություն հրավիրել Արամ Սարգսյանի ասածների վրա, նախ նշեց՝ «գրպանային ընդդիմության ներկայացուցչի» խոսքին չէր ուզենա անդրադառնալ, միայն կասի հետևյալը.

«Արձանագրեմ, որ արևմտամետ ներկայացող այդ անձը՝ հավանաբար անձնական շահերից ելնելով, անհանդուրժողականություն է դրսևորում կարծիքի արտահայտման վերաբերյալ և դրանով արջի ծառայություն մատուցում։ Զարմանում եմ՝ ինչպե՞ս կարող է Սպարապետի ազգանունը կրողը լինել այդքան մոլորված, կամ այդպես պատվեր կատարող»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս