Համահայկական միությունն Ադրբեջանին կոչ է անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանն ու ցեղասպանությանը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական քաղաքական երեսպաշտությունը՝ ի դեմս Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարությունների, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական հանցանքները թաքցնելու համար հորինված մեղադրանքներ։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը։ Ադրբեջանական ողջ պետական-հասարակական համակարգը, որը մոռացության էր մատնել միջազգային իրավունքն ու իրավարար կառույցների հռչակագրերն ու կոնվենցիաները այժմ հանկարծ վերհիշել է դրանց գոյության մասին և ինչ-որ ծանծաղ արձանագրումներ է կատարում ցեղասպանությունների կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության, ռասայական խտրականության բացառման և այլնի վերաբերյալ։

Արտաքին գործերի նախարարության մակարդակով հնչող նման ձևակերպումները բնականորեն հարցեր են առաջացնում․ արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է իր հռչակած միջազգային իրավունքի նորմերի կիրառականությունը ճանաչել ցանկացած պարագայում, ինչպես օրինակ 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի և հայաբնակ այլ վայրերի կոտորածների կապակցությամբ, թե՞ այս անգամ ևս գործ ունենք ընտրանքայնության և ստահոդ իրողությունների վրա կառուցված թեզերի տարածման հետ։ Արդյո՞ք Ադրբեջանը համանմանություններ չի գտնում Ցեղասպանության կոնվենցիայի դրույթների և Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակման առաջացած հումանիտար աղետի հետևանքների միջև, 2023 թ․ սեպտեմբերի 19-20 -ի պատերազմի ժամանակ քաղաքացիական ենթակառուցվածնքերի թիրախավորումը մի՞թե պատերազմական հանցանք չէ։ Էթնիկ զտման և բռնի տեղահանության ընթացքում արձանագրվել է 64 քաղաքացիական անձանց մահ, որի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական էթնոֆոբ քաղաքականության վրա։

Սակայն է՛լ ավելի զազրելի են ռասայական խտրականության և էթնիկ ատելության մասին ադրբեջանական աղաղակումները։ Արդեն տասնամյակներ է, ինչ ադրբեջանական հասարակությունը սնվում է հայության նկատմամբ էթնիկ ատելության թույնով, ինչը հանգեցրել է Ռամիլ Սաֆարովի կողմից քնած հայ սպայի դաժանագույն սպանությանը, կամ Կամիլ Զեյնալլըի ու իր նմանների կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ և անգամ դրանից հետո քաղաքացիական անձանց սպանությանն ու խոշտանգմանը։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական քաղաքական երեսպաշտությունը՝ ի դեմս Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարությունների, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական հանցանքները թաքցնելու համար հորինված մեղադրանքներ։ Մենք կոչ ենք անում նախ առերեսվել Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերի, պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի այլ հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանն ու ցեղասպանությանը և դիմել հստակ քայլերի՝ հայության ոտնահարված անօտարելի իրավունքների անվտանգ ու միջազգայնորեն երաշխավորված վերականգնման համար»,-նշում են միությունից։

Տեսանյութեր

Լրահոս