Մեկնարկել է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, գլխավոր մարզիչ Սերգեյ Ասատուրովի գործով դատական առաջին նիստում Քոչարյանի փաստաբաններից մեկը` Ալեքսանդր Կոչուբաևը, դատախազ Արթուր Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանին և նրա ընկերոջը՝ Սերգեյ Ասատուրովին, մեղադրում են սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիրբերետավորների օրինական պահանջը չկատարելու և ոստիկաններին հարվածներ հասցնելու մեջ։ Այնինչ տուժող համարվող ոստիկաններ Հրաչիկ Խաչատրյան և Վարդան Հովհաննիսյանի մարմնի վրա, ըստ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների, բռնության որևէ հետք կամ վնասվածք չի հայտնաբերվել։ Նիստն ընթանում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

Ալեքսանդր  Կոչուբաևը միջնորդություն ներկայացնելուց առաջ տեսանյութ ցուցադրեց, որում վերոնշյալ դատախազն ու Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, մտերմիկ զրուցում են վերջինիս առևանգման գործով դատական նիստի ժամանակ։ Կոչուբաևը հարցրեց` արդյոք դատախազը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ որևէ առնչություն ունի՞, թե՞ ոչ։ Հանրային մեղադրողը հստակ պատասխան չտվեց։

«Հաստատական հերքում չհնչեց, և գուցե դա երաշխիք լիներ, որ դատախազը որևէ առնչություն չունի Փաշինյանի ընտանիքի հետ։ Նա հանրային մեղադրող է, ու սա ենթադրում է, որ ինքը պետք է բավարար երաշխիքներ տա իր անկողմնակալ լինելու վերաբերյալ։ Այստեղ մենք տեսնում ենք կողմնակալության և անկախության հետ կապված խնդիրներ։ Խնդրում եմ հանրային մեղադրող Արթուր Դանիելյանին հեռացնել վարույթից»,-  ասաց փաստաբանը։

Նա հռետորական հարց հնչեցրեց` փորձելով հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ բոլոր դատախազներից հենց Արթուր Դանիելյանն էր ընտրվել որպես Աշոտ Փաշինյանի մեղադրանքը պաշտպանող և Լևոն Քոչարյանի գործի հսկողությունն իրականացնող։

Փաստաբան Արայիկ Ներսիսյանն էլ դատարանին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու մասին։

«Իմ պաշտպանյալը հանդիսանում է նաև միջազգային կարգի մրցավար, ըստ այդմ` հնարավոր է, որ նրա ներկայությունը հաճախակի անհրաժեշտ լինի արտերկրում։ Խափանման միջոցը պետք է վերացվի, որպեսզի նա կարողանա մասնագիտական գործառույթները հավուր պատշաճի իրականացնել։ Եվս մեկ միջնորդություն էլ պետք է ներկայացնեմ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով։ Մեղադրական հիմքում նշվում է, որ Սերգեյ Ասատուրովը ակցիայի մյուս մասնակիցների հետ թևանցուկ մոտեցել է ոստիկանության աշխատակիցներին։ Սա խախտում չի համարվում, ուղղակի անհնազանդություն է եղել»,– ասաց Ներսիսյանը։

Նա հիշեցրեց, որ 2018 թվականին` «թավշյա հեղափոխության» ժամանակ , մարդիկ հիմնականում հենց այդպես` մեկը մյուսին թևանցուկ, շղթայված են գործողություններ իրականացրել, ու այդ ամենը որևէ հետևանք չի առաջացրել։

Տեսանյութեր

Լրահոս