
Բագրատաշենի անցակետում կանխվել է 29 միլիոն 510 հազար ՌԴ ռուբլու ապօրինի արտահանումը. ՀՀ ՊԵԿ

Բագրատաշենի պետական սահմանի անցման կետում կանխվել է 29 միլիոն 510 հզ ՌԴ ռուբլու ապօրինի արտահանումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:
«ՊԵԿ-ի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի ծառայողները և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները, ստանալով տեղեկատվություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Բագրատաշեն սահմանապահ վերահսկողության բաժնի աշխատակիցներից, բացահայտել են կանխիկ դրամական միջոցների ապօրինի տեղափոխման դեպք:
Բագրատաշեն պետական սահմանի անցման կետում կանխվել է 29 միլիոն 510 հզ ՌԴ ռուբլու (130 միլիոն ՀՀ դրամին համարժեք) գումարի ապօրինի արտահանման փորձը: Գումարի մի մասը՝ 15 միլիոն ՌԴ ռուբլին, հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսային-կետ բաժին ժամանած մարդատար տրանսպորտային միջոցից, իսկ մյուս մասը՝ 14 միլիոն 510 հզ-ը, մեքենայի 4 ուղևորների մոտից, որոնք եղել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առնչությամբ կազմված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե: