ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի և ՔՊ-ի փակ հանդիպմանը ամենաակտիվը եղել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ-ի եւ ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի հետ հանդիպումից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ականները բավականին ակտիվ են եղել։

Մասնավորապես, փակ հանդիպմանը կոնկրետ ՍԴ դատավորի թեկնածուին 6-ից ավելի հարց է տվել Անդրանիկ Քոչարյանը, որից հետո հարցեր են տվել Վլադիմիր Վարդանյանը, Տրդատ Սարգսյանը, Լիլի Մինասյանը, Հայկ Կոնջորյանը: Վերջիններիս հարցերը եղել են ինչպես նրա կրթությունից, այնպես էլ նրա գործունեությունից: Ի դեպ, ըստ ՔՊ-ականների, առավել սուր հարցեր է տվել Անդրանիկ Քոչարյանը, որի հարցերին Բալայանը բավականին հանգամանալից պատասխաններ է տվել։

ArmLur.am-ը գրել էր, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Բալայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ։ Բալայանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, սակայն չցանկացավ որեւէ բան մանրամասնել։ Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ ՔՊ խմբակցության հետ հանդիպումը շատ ակտիվ է եղել, որի ժամանակ պատգամավորները տարբեր հարցեր են հղել Բալայանին։

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել էր Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը մի քանի ամիս առաջ էր ԲԴԽ-ից գնացել ու ԱԺ-ում ընտրվել էր Վճռաբեկ դատարանի դատավոր։ Դատավորները 158 ձայն տվեցին Դավիթ Բալայանին։

Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, եւ ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները:

Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր եւ այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից»։

Տեսանյութեր

Լրահոս