Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը հեռանում է Հայաստանի շախմատի հավաքականից
Հայաստանի շախմատի հավաքականի երկարամյա անդամ Հրանտ Մելքումյանը հեռանում է հավաքականից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հրանտ Մելքումյանը: «Հայաստանի շախմատի հավաքականից հեռանալու որոշում եմ կայացրել, բայց հնարավոր է տարիներ անց հետ վերադառնամ: Ինձ մի քանի տարով դադար է պետք: Որոշմանս հիմնական պատճառը ճանապարհներից հոգնելն է: Ավստրալիայից ճամփորդելը դժվար է»,-ընդգծեց նա:
Մելքումյանի խոսքով` Հայաստանի շախմատի հավաքականում այժմ սերնդափոխություն է, սակայն հավաքականում ընդգրկված երիտասարդները նոր շախմատիստներ չեն, նա մանկուց գիտի թիմի անդամներին` Հայկ Մարտիրոսյանին, Շանթ Սարգսյանին, Մանուէլ Պետրոսյանին:
«Նրանց հետ նույնիսկ մի քանի պարտիաներ եմ խաղացել, երբ դեռևս 12 տարեկան էին: Հրաշալի ծանոթ եմ նրանց խաղին: Բոլորն ել կայացած շախմատիստներ են: Անշուշտ, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն ապահով ձեռքերում է»,-առանձնացրեց նա:
Վերհիշելով Հայաստանի հավաքականի «ոսկե» սերնդին` Լևոն Արոնյանին, Գաբրիել Սարգսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Մելքումյանն ընդգծեց` Արոնյանն ու Սարգսյանն իրեն շատ են օգնել 2015 թվականին, երբ ինքը դարձավ Հայաստանի հավաքականի անդամ:
«Հրաշալի հիշում եմ, որ 2015 թվականին առաջին անգամ հավաքականում ընդգրկվելուց հետո պետք է առաջին պարտիան խաղայի: Այնքան հուզված էի, որ նախորդ գիշեր նույնիսկ չէի քնել: Այդ տարի աշխարհի առաջնությունում (հեղ. առաջնությունն անցկացվում էր Ծաղկաձորում) թիմը գրավեց 3-րդ տեղը: Նույն տարում Եվրոպայի թիմային առաջնությունում էլ երկրորդն էինք»,-վերհիշեց Մելքումյանը:
Վերջինս փաստեց, որ «մեծ շախմատ»-ից ամբողջապես չի հեռանում: Նա կշարունակի մասնակցել միջազգային մրցաշարերի Ավստրալիայում:
«Մինչև քովիդի համավարակը ես խիստ գրաֆիկով շախմատ էի խաղում և բնավ մտադիր չէի հեռանալ: Սակայն համավարակից հետո առցանց շախմատն ինձ համար այդքան էլ անվտանգ չէր: Այդ իսկ պատճառով մոտ 2 տարի կտրվեցի շախմատից: Հետո փորձում էի վերադառնալ, սակայն ռիթմից դուրս էի մնացել»,-ասաց նա:
Հրանտ Մելքումյանը աշխարհի երիտասարդների (Մ18) առաջնության արծաթե մեդալակիր է, Հայաստանի շախմատի հավաքականի կազմում դարձել է աշխարհի թիմային առաջնության բրոնզե (2015), Եվրոպայի առաջնության արծաթե (2015) և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2023):
Վարվառա Հայրապետյան