Իրանը մտադիր է Չաբահար տիեզերակայանը շահագործման հանձնել 2024 թ. երկրորդ կեսին
Իրանի հարավ-արևելքում Չաբահար նոր տիեզերակայանի շահագործումը տեղի կունենա 2024 թվականի երկրորդ կեսին։ Այդ մասին Mehr գործակալությանը հայտնել է Իրանի տիեզերական գործակալության (ԻՏԳ) ղեկավար Հասան Սալարիյեն։
«Չաբահար տիեզերակայանի շինարարությունն այժմ գտնվում է ավարտական փուլում: Տիեզերակայանի առաջին փուլի շահագործումը տեղի կունենա հաջորդ տարի (խմբ․՝ ըստ իրանական տոմարի՝ սկսվում է 2024 թվականի մարտի 21-ից), և այդ ժամանակ էլ կիրականացվեն առաջին արձակումները Չաբահարից», – ասել է նա։
Սալարիյեն նաև նշել է, որ Իրանում տիեզերական սարքեր են արձակում նաև այլ օբյեկտներից, որոնք գտնվում են Իրանի պաշտպանության նախարարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի (ԻՀՊԿ) տնօրինության տակ։
Ըստ ԻՏԳ-ի ղեկավարի՝ Իրանի առաջնահերթ խնդիրն է ընդգրկվել աշխարհի հինգ ուժեղագույն տիեզերական տերությունների ցանկում։ Այսօրվա դրությամբ, իրանցի պաշտոնյայի կարծիքով, Իսլամական Հանրապետությունը «մտնում է առավել զարգացած տիեզերական ծրագրով երկրների տասնյակի մեջ»։ Բացի այդ, գործակալության ղեկավարը նշել է, որ երկրի տիեզերական ճյուղի զարգացման նպատակներից մեկն է «այլ պետությունների համար արբանյակների արձակման, նախագծման և արտադրության ծառայությունների տրամադրման» հնարավորությունը:
Իրանը սկսել է իր տիեզերական ծրագիրն իրականացնել 2004 թվականին։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ մեկտեղ՝ այն մտնում է աշխարհի ինը երկրների շարքը, որոնք արտադրում են արբանյակներ: Իրանը 1959 թվականին ստեղծված Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման ՄԱԿ-ի կոմիտեի 24 հիմնադիր երկրներից մեկն է: