Կառավարությունն առաջարկում է «երկրորդ գիծ» կանգնելու համար 0,5-ի փոխարեն կիրառել 0,25 տուգանային միավոր

Կառավարությունն առաջարկում է ավտոմեքենան երկրորդ գծում կանգնեցնելու համար 0,5-ի փոխարեն նախատեսել 0,25 տուգանային միավորի կիրառում: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը։

Նա նաև նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են նաև տեխնիկական շտկումներ:

«Գործող օրենսդրությամբ մի շարք խախտումների դեպքում ոստիկանությունը կազմում է արձանագրություն և դիմում դատարան՝ կիրառելու վարչական պատասխանատվության միջոց: Հաշվի առնելով աշխատանքային քննարկման արդյունքները՝ առաջարկել ենք այս կարգավորումները հանել նախագծից»,- ասաց Սարգսյանը և հավելեց՝ Կառավարության դիրքորոշմամբ նման հարցերը չպետք է որոշվեն Վարչական դատարանի կողմից, քանի որ դրանք դուրս են վարչական արդարադատությունից:

Զեկուցողը հիշեցրեց, որ փոփոխությունները վերաբերում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվող իրավախախտումներին:

Տեսանյութեր

Լրահոս