Բաժիններ՝

Իսրայելի բանակը ներկայացրել է Ռաֆահից խաղաղ բնակիչներին տարհանելու ծրագիր՝ նախքան ցամաքային գործողություն սկսելը

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ռազմական կաբինետին է ներկայացրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքից քաղաքացիական անձանց տարհանելու և այնտեղ գտնվող պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման գումարտակները ոչնչացնելու ծրագիր։ Այս մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը։

Բացի այդ, ըստ Իսրայելի վարչապետի գրասենյակի՝ կաբինետը փետրվարի 25-ի ուշ երեկոյան հաստատել է Գազայի հատվածին «մարդասիրական օգնություն տրամադրելու ծրագիր այնպես, որ թույլ չտրվի այնպիսի թալան, ինչպիսին տեղի է ունեցել Գազայի հատվածի հյուսիսում և այլ շրջաններում»։

Ավելի վաղ վարչապետ Բենիամին Նեթանյահուն CBS-ի «Face the Nation» հաղորդման ընթացքում հայտնել էր, որ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունը կարևոր է ՀԱՄԱՍ-ի դեմ հաղթանակ ապահովելու համար։

«Երբ մենք սկսենք Ռաֆահում գործողությունը, մարտերի ինտենսիվ փուլն ավարտին հասցնելու համար շաբաթներ են պետք․ ոչ թե ամիսներ, այլ շաբաթներ», – ասել է Նեթանյահուն՝ նշելով, որ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմը կարող է ավարտվել այս գարնանը:

Նեթանյահուի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի 4 գումարտակներ կենտրոնացած են Ռաֆահում, որտեղ նաև գտնվում է 1,3 միլիոն տեղահանված պաղեստինցի։

Իսրայելի վարչապետը նաև ասել է, որ Ռաֆահում ցամաքային գործողությունը կարող է հետաձգվել, եթե իսրայելցի պատանդների վերադարձի և հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք բերվի ՀԱՄԱՍ-ի հետ։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 253 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելն այս ներխուժումից հետո ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում։ Պատանդների մի մասը վերադարձվել է նոյեմբերին հաստատված 7-օրյա հումանիտար հրադադարի ժամանակ։ Ըստ Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է մոտ 130 պատանդ։ Գազայի առողջապահական իշխանությունների հաղորդած տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը մոտենում է 29 700-ի, վիրավորների թիվը գերազանցել է 69 800-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս