Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կընձեռվի Ձեզ հետ հանդիպելու. Փաշինյանը շնորհավորել է Էստոնիայի վարչապետին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալասին՝ ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Ուղերձում ասված է.
«Շնորհավորում եմ Ձեզ և Էստոնիայի բարեկամ ժողովրդին Էստոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Էստոնիայի միջև ձևավորվել և վերջին ժամանակաշրջանում արագ զարգանում են քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Երախտագիտություն եմ հայտնում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն աջակցելու գործում Էստոնիայի պատրաստակամության համար։
Բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Էստոնիայի դիրքորոշումը:
Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կընձեռվի Ձեզ հետ հանդիպելու և համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններին նոր շունչ հաղորդելու համար»: