Բնակարանների և տների էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիրը երկարաձգվել է

Կառավարությունը մեկ տարով երկարաձգել է բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը։

Այս մասին ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելու որոշման նախագիծը փետրվարի 23-ի նիստում ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Այս ծրագիրն ավելի շատ հայտնի է «Ռենովացիա» անունով և կարելի է ասել կառավարության հաջողված ծրագրերից մեկն է, որն իր թիրախային բոլոր կետերին հասնում է և մի շարք դեպքերում ունենք ավելի շատ շահառուներ։ Ծրագիրը սկսել ենք 2022 թվականի կեսերից և այդ տարի ունեցել ենք 1265 շահառու՝ 2,5 միլիարդ դրամ վարկ, որից կառավարության կողմից 40 միլիոն դրամ է հատկացվել։ 2023 թվականին պատկերն էապես փոխվել է և շահառուների թիվը հասել է 7638-ի, աճը կազմում է 504 տոկոս։ Դրան համապատասխան 16 միլիարդ դրամի վարկային միջոցներ են տրամադրվել, կառավարության մասնաբաժինը՝ 860 միլիոն դրամ»,-մանրամասնել է Սանոսյանը։

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ ըստ իրականացված ուսումնասիրությունների՝ ծրագրով նախորդ տարիներին հիմնականում արևային վահանակներ ու ջրատաքացուցիչներ էին տեղադրվում, իսկ այս տարի ավելացել են նաև բնակարանների համապատասխան վերանորոգումները։

Սանոսյանի տեղեկատվությամբ՝ տարածքային համաչափ զարգացման կոմպոնենտներ պարունակող և աշխարհագրական բավականին լայն ընդգրկմամբ այս ծրագրի նախապայմաններից է, որպեսզի օգտագործվող նյութերը լինեն 30 տոկոս էներգախնայող, բայց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ ցուցանիշը 60-ից 70 տոկոս է կազմում։

Տեսանյութեր

Լրահոս