Ալբանիան համաձայնել է միգրանտների ընդունել Իտալիայի փոխարեն
Ալբանիայի խորհրդարանը վավերացրել է Իտալիայի հետ միգրացիոն համաձայնագիրը, որը լուրջ հակասությունների տեղիք է տվել։ Փաստաթուղթը Եվրամիության կազմի մեջ մտնող Իտալիային թույլ կտա ընդամենը 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալբանիայում փախստականների համար ճամբարներ ստեղծել:
Իրավապաշտպանների կողմից քննադատության ենթարկված պլանների համաձայն՝ Ալբանիա կբերվեն մարդիկ, որոնց միջազգային ջրերում կվերցնեն իտալական առափնյա պահպանության ծառայության նավերը: Ընդդիմադիր ալբանացի խորհրդարանականների մեծամասնությունն ի նշան բողոքի բոյկոտել է նիստը:
Միգրացիոն կենտրոններում, որոնց ստեղծումն ու ղեկավարումը ստանձնում է Իտալիան, կքննարկվեն միգրանտներին ապաստան տրամադրելու մասին դիմումները, և անհրաժեշտության դեպքում նրանց աջակցություն կցուցաբերվի արագ հայրենադարձության համար։ ԵՄ-ի կազմի մեջ չմտնող Ալբանիայի հետ Իտալիայի համաձայնագիրը նախատեսում է Տիրանայի կողմից միաժամանակ մինչև 3 հազար, իսկ տարեկան մինչև 36 հազար միգրանտի ընդունում:
Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի և նրա իտալիացի գործընկեր Ջորջա Մելոնիի միջև արձանագրությունն ստորագրվել է հինգ տարի ժամկետով։ Համաձայնագրում հստակեցվում է, որ երեխաները, հաշմանդամները և հղի կանայք կբացառվեն այս նախագծից։