ՀԱՊԿ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը հայտնել է, որ Երևանից հայտ չի ստացել անդամակցության կասեցման մասին, իսկ Նիկոլ Փաշինյանի` ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունը կազմակերպությունը կապում է մի շարք միջոցառումներին Հայաստանի չմասնակցելու հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։

«Մինչ օրս ՀԱՊԿ քարտուղարությունը ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին հայտ չի ստացել Երևանից, իսկ ինչ վերաբերում է մասնակցությունը սառեցնելու վերաբերյալ թեզին, ապա, ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցում վերջին շրջանում կազմակերպության կողմից անցկացվող մի շարք միջոցառումներին», – ՀԱՊԿ քարտուղարությունից հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին:

Հիշեցնենք, որ France 24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ մասնավորապես նշելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ-ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։

2023 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Միաժամանակ ՀԱՊԿ-ը կոչ է անում վերադառնալ առկա խնդիրների կառուցողական քննարկման։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը վերջերս ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանի հետ պահպանում են դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղվածությունը:

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել` դիտարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, սակայն այդ աշխատանքի ավարտական մասում ՀՀ իշխանությունները խնդրել են այդ փաստաթուղթը հանել օրակարգից՝ կապված Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ։

Տեսանյութեր

Լրահոս