Բաժիններ՝

Բայդենը Նավալնիի այրու և դստեր հետ հանդիպման ժամանակ հայտնել է Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 22-ին հանդիպել է բանտում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրու և դստեր հետ և նշել, որ Վաշինգտոնը Ռուսաստանի և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ պատժամիջոցներ է նախատեսում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Նա (խմբ․՝ Ալեքսեյ Նավալնին) անհավանական խիզախ մարդ էր, և զարմանալի է, թե ինչպես են նրա կինն ու դուստրը ընդօրինակում դա»,- ասել է Բայդենը լրագրողներին Նավալնիի կնոջ՝ Յուլյայի և դստեր՝ Դաշայի հետ հանդիպումից հետո։

Բայդենը նշել է, որ փետրվարի 23-ին Վաշինգտոնը «պատրաստվում է պատժամիջոցներ հայտարարել Պուտինի նկատմամբ, որը պատասխանատու է նրա մահվան համար»։

Իր հերթին Սպիտակ տունը հայտարարություն է տարածել հանդիպումից հետո՝ գրելով․ «Նա (խմբ․՝ Ջո Բայդենը) հաստատել է, որ իր վարչակազմը վաղը կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր խոշոր պատժամիջոցների մասին՝ ի պատասխան Ալեքսեյի մահվան, Ռուսաստանի բռնաճնշումների ու ագրեսիայի, ինչպես նաև Ուկրաինայում նրա դաժան ու անօրինական պատերազմի»։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը փետրվարի 22-ին հայտարարել էր, որ առաջիկա օրերին հրապարակվելիք «հարյուրավոր, հարյուրավոր և հարյուրավոր» պատժամիջոցներն ուղղված կլինեն Նավալնիի մահվան համար պատասխանատուների դեմ, բայց մեծ մասը կհարվածեն «Պուտինի պատերազմի մեքենային» և կփակեն գործող պատժամիջոցներում առկա բացերը։

Փետրվարի 24-ին նախաշեմին հայտարարված նոր պատժամիջոցները նաև համընկնում են Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների 2-րդ տարվա հետ։

47-ամյա Նավալնին, որը 30 տարվա ազատազրկման էր դատապարտված, փետրվարի 16-ին մահացել էր քրեակատարողական հիմնարկում։ Նրա ընտանիքին ավելի վաղ հայտնել էին, որ մարմինն իրենց կհանձնեն երկու շաբաթից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս