Գողացված, ապա կրկնակի վաճառված մեքենան հայտնաբերվել է. կան ձերբակալվածներ
Փետրվարի 7-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 6-ի ժամը 10-ից փետրվարի 7-ի ժամը 18-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Շիրակացու փողոցի իրենց շենքի մոտ կայանված «Մերսեդեսը»:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Թալինի 39-ամյա բնակիչը: Պարզվել է նաև, որ նա մի քաղաքացու էվակուատորով մեքենան տեղափոխել է Թալին, որտեղ արդեն այն վաճառել է 43-ամյա համաքաղաքացուն, նա էլ այնուհետև ապամոնտաժելու նպատակով մեքենան վաճառել է Թաթուլ գյուղի 42-ամյա բնակչին:
«Մերսեդեսը» հայտնաբերվել և առգրավվել է:
Թալինցի 39-ամյա և 43-ամյա տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Քրեական վարույթը շարունակվում է: