Ադրբեջան պետության պատմությունը կարելի է հակիրճ բնորոշել որպես մարդկության դեմ գործած հանցանքների հերթափոխ․ Գարդման-Շիրվան- Նախիջևան միություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Անկարա այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած գաղափարներին։

«Փետրվարի 19-ին Անկարա կատարած պաշտոնական այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է․ «Ղարաբաղում անցկացված հակաահաբեկչական գործողությունը լիովին հաստատել է մեր երկրի ինքնիշխանությունը։ Ադրբեջանի տարածքում անջատողական ուժերի համար տեղ չկա և երբեք էլ չի լինի»։

2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը, որը շուրջ 10 ամիս ենթարկվել էր ապօրինի շրջափակման և հասել էր հումանիտար աղետի, այն է՝ սովամահության, կենսական պայմանների բացակայության, կենսագործունեության ապահովման անհնարինության շեմին, որը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն, ենթարկվել է էթնիկ զտման, որն ուղեկցվել է վախի և կյանքի նկատմամբ սպառնալիքի մշտական առկայությամբ։ Ադրբեջանական ռազմաքաղաքական մեքենան՝ իր հասարակական շոշափուկներով հանդերձ, սովոր է հաշվեհարդարներ կազմակերպել անմեղ քաղաքացիական բնակչության հետ, որոնց Իլհամ Ալիևը ընդhանրաբար անվանում է «անջատողականներ»՝ դրանով բացառելով բռնի տեղահանված բնիկ հայության վերադարձի իրացումը։

«Ադրբեջանի տարածքում անջատողական ուժերի համար տեղ չկա և երբեք էլ չի լինի» արտահայտությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի անօտարելի իրավունքի իրացման պատասխանատվությունից և հանձնառությունից Ադրբեջանի հրաժարման պաշտոնական արտահայտությունն է, որովհետև Ադրբեջանը և վերջինիս նախագահը «անջատողական», «ռևանշիստ», «ֆաշիստ», «սատանա» և նման բազում ստոր այլաբանություններով են բնորոշում ցանկացած հայի, առավել ևս Լեռնային Ղարաբաղի հայությանը։

Պետականակենտրոն այս ատելությունը սկիզբ է դրել բազմաթիվ հանցագործությունների, որոնք ըստ արժանվույն չեն քննվել և դատապարտվել։ Սումգայիթյան ոճրագործությունից սկսած մինչև 2023 թ․ սեպտեմբերյան իրողություններ Ադրբեջան պետության պատմությունը կարելի է հակիրճ բնորոշել որպես մարդկության դեմ գործված պետական և հասարակական հանցանքների հերթափոխ, որոնցից և ոչ մեկը առ այսօր չի ստացել իր արժանի պատիժն ու հատուցումը»։

Տեսանյութեր

Լրահոս