
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել է, որ Իսրայելը հարված է հասցրել Գազայում իրենց ապաստարանին

Իսրայելցի զինվորականները գնդակոծել են Գազայի հատվածում «Բժիշկներ առանց սահմանների» (Medecins sans frontieres, MSF) կազմակերպության ապաստարանը։ 2 մարդ զոհվել է, ևս 6-ը` վիրավորվել: Այս մասին մարդասիրական կազմակերպությունը հայտարարություն է տարածել է X սոցիալական հարթակի իր էջում։
«Իսրայելցի զինվորականները գործողություն են իրականացրել Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում՝ գնդակոծելով MSF-ի ապաստարանը, որտեղ գտնվում էին կազմակերպության աշխատակիցներն ու նրանց ընտանիքները: Դեպքի վայր ժամանած շտապօգնության խմբերը հայտնաբերել են, որ մեր գործընկերների ընտանիքի անդամներից առնվազն երկուսը զոհվել են, վեց մարդ՝ վիրավորվել», – նշված է տեքստում:
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 253 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելն այս ներխուժումից հետո ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում։ Տեղի առողջապահական իշխանությունների հաղորդած տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է գրեթե 29 100-ի, վիրավորների թիվը գերազանցել է 69 000-ի։