Բաժիններ՝

Այս չեմպիոնությունը ինձ համար սպասված էր․ Վարազդատ Լալայան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը իր չեմպիոնությունը կարևոր գործոն է համարում դեպի Օլիմպիական խաղեր տանող ճանապարհին:

«Մենք չգիտեինք, որ Լաշան (խմբ․ Վրաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, օլիմպիական կրկնակի, Եվրոպայի ու աշխարհի 7-ակի չեմպիոն Լաշա Տալախաձե) չի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Դա միայն ընթացքում պարզ դարձավ: Ես պատրաստ էի այս մրցումներին: Ես պատրաստ էի հաղթանակի: Շատ ոգևորված եմ: 3-4 տարի Եվրոպայի առաջնություններում մեդալներ ունեցել եմ, բայց այս չեմպիոնությունը սպասված էր: Մեծահասակների շարքում առաջին չեմպիոնությունս է: Ինձ համար սա շատ տպավորիչ է, ես շատ ուրախ եմ»,-Սոֆիայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լալայանը:

Խոսելով պոկում վարժությունում իր գրանցած արդյունքից` Լալայանն առանձնացրեց, որ այս ձևում մոտեցումներն այդքան էլ լավ չստացվեցին, բայց հավելեց, որ հրում վարժությունում երկու մոտեցումները բավարար էին հաղթելու համար:

«Հիմա ամեն ինչ տանում է դեպի Օլիմպիական խաղեր, ամեն ինչ նպաստում է դրան: Օլիմպիական խաղերին առավել լավ պետք է պատրաստվենք, որ ավելի լավ ու վստահ ներկայացնենք մեր երկիրը»,-ընդգծեց նա:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը մոտեցավ ավարտին: Մրցումային վերջին` 9-րդ օրը, պայքարի մեջ մտան գերծանր քաշային ծանրորդները:

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր Լաշա Տալախաձեն հրաժարվեց մրցումից:

Հայաստանի ընտրանու անդամ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 200 և 205 կգ: Նա ոսկե մեդալ նվաճեց այս ձևում: Հրում վարժությունում նա բարձրացրեց 250 կգ և դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Երկամարտի 455 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Այս քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը։

Վարվառա Հայրապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս