Մենք խոստումնալից երիտասարդ սերունդ ունենք․ Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի մարզիչ
Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ամփոփել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի վարկանիշային առաջնությունը:
«Եվրոպայի առաջնությունը մեր այս տարվա առաջին մրցաշարն էր, որը վարկանիշային էր: Բացի Եվրոպայի առաջնությանը լավ մասնակցելուց, մեր նպատակը նաև այն էր, որ մեր աղջիկներն ունենան օլիմպիական վարկանիշ: Սակայն այդ վարկանիշային միավորները ձեռք բերելն ավելի դժվար էր»,-Սոֆիայում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ներսիսյանը:
Վերջինս անդրադարձավ նաև Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանին` ընդգծելով, որ Հայաստանը կանանց Եվրոպայի առաջնությունում վերջին անգամ չեմպիոն ունեցել էր 2016 թվականին:
«2016 թվականից հետո թիմի հիմնասյուները` Նազիկ Ավդալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը, գրեթե միաժամանակ ավարտեցին կարիերան: Հռիփսիմեն հետագայում կրկին վերադարձավ: Մեր պատանի սերունդը խոստումնալից է: Շատ աշխատելու դեպքում հաջորդ Օլիմպիական խաղերին մենք կունենանք հնարավորինս շատ տեղեր և, ինչու ոչ, նաև՝ մեդալներ»,-ասաց նա:
Ներսիսյանը խոսեց նաև պրոֆեսիոնալ կարիերան ավարտած Հռիփսիմե Խուրշուդյանի որոշման մասին. «Հռիփսիմեն մեծ աշխատանք է կատարել՝ ոչ միայն կիլոգրամներ բարձրացնելով, այլ նաև բուն թիմը կազմելով: Նա թիմում ունի «մորաքրոջ» դեր»,-ասաց նա՝ հավելելով, որ նրա հեռանալը կարող է վատ անդրադառնալ նաև թիմի վրա:
Հայաստանի կանանց հավաքականը չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կկայանա Թայլանդում` ապրիլին: Հավաքականի գլխավոր մարզիչը նախապատվությունը տալիս է ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությանը:
Հայաստանի կանանց հավաքականի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիր դարձավ 55 կգ քաշային Ալեքսանդրա Կարապետյանը և ԵԱ-ի երկրորդ անընդմեջ բրոնզե մեդալը նվաճեց Հռիփսիմե Խուրշուդյանը:
Թիմային հաշվարկում Հայաստանի կանանց ընտրանին 8-րդն է:
Վարվառա Հայրապետյան