Բաժիններ՝

Ֆինլանդիայի վարչապետը երկրի տարածքում ամերիկյան միջուկային զենք տեղակայելու կարիք չի տեսնում

Ֆինլանդիայի իշխանություններն իրենց տարածքում ԱՄՆ-ի միջուկային զինանոցի տեղակայման անհրաժեշտություն չեն տեսնում։ Այս մասին նշվում է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի հարցազրույցում լեհական Rzeczpospolita պարբերականին։

«Դրա (խմբ․՝ Ֆինլանդիայում ԱՄՆ-ի միջուկային զենքի տեղակայման) անհրաժեշտությունը չկա, քանի որ ՆԱՏՕ-ն ինքն է ապահովում միջուկային զսպումը», – նշել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անվտանգության ապահովման համար բավական է դաշինքի մի քանի երկրներում արդեն տեղակայված միջուկային զենքը։

«Այնուամենայնիվ, մենք հանգամանորեն պատրաստվում ենք մեր խնդիրներին՝ որպես ՆԱՏՕ-ի նոր անդամ և մասնակցում ենք զսպմանը սովորական սպառազինությունների միջոցով», – հավելել է Պետերի Օրպոն։

ԱՄՆ-ն իր միջուկային զինանոցը ՆԱՏՕ-ի երկրներում տեղակայում է Nuclear Sharing ծրագրի շրջանակներում: Ավելի վաղ ծրագրին միանալու ցանկություն են հայտնել Լեհաստանի իշխանությունները։ Ֆինլանդիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է դարձել 2023 թվականի ապրիլի 4-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս