Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնաժամկետ է տվել պատանդների վերադարձի համար
Իսրայելի ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցը նախազգուշացրել է, որ եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը մինչև մարտի 10 ազատ չարձակի Գազայում պահվող բոլոր պատանդներին, ապա Ռաֆահ քաղաքում ցամաքային գործողություն կսկսվի։
Իսրայելն առաջին անգամ է հայտարարում, որ իր զորքերը կարող են մտնել Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ, որտեղ ապաստան է գտել շուրջ 1,5 միլիոն պաղեստինցի։
«Աշխարհը պետք է իմանա, և ՀԱՄԱՍ-ի ղեկավարները պետք է իմանան, որ եթե մինչև Ռամադան (խմբ․՝ մուսուլման աշխարհի պահքի ամիսը) մեր պատանդները տուն չվերադառնան, ապա ռազմական գործողությունը կշարունակվի ամենուր, այդ թվում՝ Ռաֆահի տարածքում», – ասել է Գանցը։
Միջազգային հանրությունը Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Ռաֆահում ռազմական գործողություններից։ Փետրվարի 15-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) մտել էր Ռաֆահի բժշկական խոշոր համալիրներից մեկը՝ «Նասեր» հիվանդանոց, պատճառաբանելով, որ ըստ հետախուզական տվյալների՝ այնտեղ են պահվում իսրայելցի մի քանի պատանդներ։
Եգիպտոսը նախազգուշացրել է Իսրայելին ռազմական գործողություն չսկսել Ռաֆահում, քանի որ դրա հետևանքով պաղեստինցիները կարող են անցնել Եգիպտոսի տարածք, ինչը Կահիրեն անընդունելի է համարում։
Միևնույն ժամանակ Գանցը հայտնել է, որ Իսրայելը կգործի «համակարգված ձևով՝ նպաստելով քաղաքացիական անձանց տարհանմանը ամերիկացի և եգիպտացի գործընկերների հետ երկխոսությամբ՝ նվազեցնելու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը»։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 253 մարդ՝ գերեվարվել։ Պատանդների մի մասը վերադարձվել է նոյեմբերին հաստատված 7-օրյա հումանիտար հրադադարի ժամանակ։ Ըստ Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է մոտ 130 պատանդ։
Գազայի առողջապահական իշխանությունների հաղորդած վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 28 985-ի, վիրավորների թիվը՝ 68 883-ի։