Չինաստանի և ԱՄՆ-ի անվտանգության ծառայությունները բանակցություններ են վարել թմրամիջոցների դեմ պայքարի և վիզաների շուրջ

Չինաստանի և ԱՄՆ-ի անվտանգության ծառայությունները փետրվարի 18-ին Վիեննայում հանդիպում են անցկացրել, որի ընթացքում չինական կողմը կոչ է արել վերջ դնել չինացի ուսանողների «հալածանքներին», ինչպես նաև հրաժարվել թմրանյութերի հիմնական աղբյուրների ցանկում ՉԺՀ-ի ներառումից։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Չինաստանի հանրային անվտանգության նախարար Վան Սյաոհունի և ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասի միջև։

Սյաոհունը Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել չինացի ուսանողների «չհրահրված հալածանքներն ու ստուգումներն առանց ակնհայտ պատճառի», ինչպես նաև ձեռնարկել արդյունավետ միջոցներ Չինաստանի դիվանագիտական ​​և հյուպատոսական հաստատությունների և անձնակազմի անվտանգության ապահովման համար Միացյալ Նահանգներում, վերացնել վիզային սահմանափակումները Չինաստանի մի շարք հաստատությունների և անձնակազմի համար:

Չինաստանի նախարարը նաև կոչ է արել հրաժարվել ՉԺՀ-ն «թմրամիջոցների հիմնական աղբյուրների» ցուցակում ներառելու գործելակերպից։ ԱՄՆ իշխանությունները Չինաստանին մեղսակից են համարում ֆենտանիլի առևտրի մեջ, որի գերդոզավորման պատճառով ԱՄՆ-ում տարեկան ավելի քան 70 000 մարդ է մահանում։

Xinhua-ն հավելում է, որ կողմերը վարել են անկեղծ և կառուցողական բանակցություններ` 2023 թվականի նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում երկու պետությունների ղեկավարների հանդիպմանը ձեռք բերված փոխհամաձայնության իրականացման, թմրանյութերի նկատմամբ վերահսկողության և իրավապահ մարմինների գործունեության բնագավառում համագործակցության շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս