ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել «Վանաձոր» ՔԿՀ եւ զրուցել է հացադուլ հայտարարած անձանց հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող մի խումբ անձինք հայտարարել են անժամկետ հացադուլ:
ՄԻՊ-ից հայտնում են, որ նշվածի կապակցությամբ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները 2024 թվականի փետրվարի 14-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել հացադուլ իրականացնող անձանց հետ, ուսումնասիրել նրանց առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը:
Ազատությունից զրկված անձինք հարցեր են բարձրացրել խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության, խմելու ջրի որակի և այլնի վերաբերյալ, ինչը, ըստ իրենց, հանդիսացել է հացադուլի պատճառ:
Առանձնազրույցների արդյունքներով պայմանավորված` քննարկումներ են տեղի ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» ստորաբաժանման ներկայացուցիչների հետ։
Չհայտարարված այցի արդյունքները ամփոփվում են, արձանագրված խնդիրների վերաբերյալ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։