Եվրամիությունը Ռուսաստանից նավթի և գազի գնումները կրճատել է հինգ անգամ
Եվրամիության կողմից նավթի և գազի ներմուծումը Ռուսաստանից 2023 թվականին տարեկան կտրվածքով կրճատվել է հինգ անգամ՝ հասնելով 29 մլրդ եվրոյի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վերլուծելով Եվրոպական վիճակագրական վարչության (Եվրոստատ) տվյալները։
Այսպես, նավթի գնումները դրամական արտահայտությամբ նվազել են 5,9 անգամ՝ մինչև 9,3 մլրդ եվրո։ Միևնույն ժամանակ, ֆիզիկական արտահայտությամբ ներմուծումը նվազել է միայն 11 %-ով՝ հասնելով 21,3 մլն տոննայի։
«Սև ոսկին» շարունակել են գնել Բուլղարիան (տարեկան 5,5 մլն տոննա), Հունգարիան (4,7 մլն տոննա), Չեխիան (4,3 մլն տոննա), Սլովակիան (4,6 մլն տոննա), ինչպես նաև Լեհաստանը (1,15 մլն տոննա), Նիդեռլանդները (831 հազար տոննա) և Ավստրիան (9300 տոննա):
Ռուսաստանի կողմից գազի մատակարարումները ԵՄ նվազել են մեկ քառորդով՝ մինչև 22,4 մլն տոննա, իսկ դրամական արտահայտությամբ՝ 2,9 անգամ՝ մինչև 16,7 մլրդ եվրո։ Ամենամեծ գնորդը եղել է Հունգարիան (4,7 մլն տոննա), որին հաջորդում են Հունաստանը (3 մլն տոննա) և Բելգիան (2,8 մլն տոննա):
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի և ԵՄ-ի ապրանքաշրջանառությունը նվազել է՝ հասնելով 88,9 միլիարդ եվրոյի, ինչը 2,9 անգամ պակաս է 2022 թ. ցուցանիշից:
Եվրամիությունը 2022 թվականից պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների նկատմամբ. ածուխն առաջինն էր, որ արգելքի տակ հայտնվեց նույն տարվա ամռանը, իսկ տարեվերջին սահմանափակումներ մտցվեցին նավթի նկատմամբ։ 2023 թ. սկսեցին պատժամիջոցներ կիրառվել նավթամթերքների նկատմամբ։
Եվրոպական շուկան պատմականորեն գլխավորն է եղել ռուսական գազ արտադրողների համար. այնտեղ գազի մատակարարումներն առաջ հասնում էին առնվազն 150 միլիարդ խորանարդ մետրի: Սակայն 2022 թ. «Հյուսիսային հոսքերի» վրա իրականացված պայթյուններից, ինչպես նաև մատակարարումների այլընտրանքային երթուղիների դեմ պատժամիջոցներից հետո Ռուսաստանից արտահանումն զգալիորեն կրճատվել է։