Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Մյունխենի համաժողովը հիմնադրվել է 1962 թվականին գերմանացի հրապարակախոս Էվալդ ֆոն Կլեյստի կողմից՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում: 1999 թվականից դրան սկսեցին մասնակցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների քաղաքական գործիչներն ու զինվորականները, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներ։ Ֆորումի շրջանակում ավանդաբար կազմակերպվում են քաղաքական գործիչների բազմաթիվ ոչ պաշտոնական և անձնական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են անվտանգության քաղաքականության ոլորտում նոր նախաձեռնությունները: