ՊՊԾ-ն և վարչապետի աշխատակազմը միասին 1 մլն 538 հազար դրամ արժողության աթոռներ են գնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պետական պահպանության ծառայությունը եւ ՀՀ վարչապետի աշխատակազմը միասին գնել են 1 մլն 538 հազար 564 դրամ արժողությամբ աթոռներ։ ՀՀ ՊՊԾ-ն ձեռք է բերել Samba ֆիրմայի գրասենյակային 16 աթոռ, որն արժեցել է 638 հազար 720 դրամ։ ՀՀ վարչապետի աշխատակազմը ձեռք է բերել Foshan Mike Dowell ֆիրմայի 30 աթոռ, որն արժեցել է 899 հազար 844 դրամ։
Աթոռները մատակարարվել են «Լեվան» ՍՊԸ-ի եւ «Մեգաօֆիս» ՍՊԸ-ի կողմից։ Գերատեսչությունները ներկայացրել են հստակ սահմանված բնութագիր եւ գնման առարկայի համար նախատեսված պահանջներ: ՀՀ պետական պահպանության ծառայությունը սահմանել է, որ նստատեղի լայնությունը 45սմ պետք է լինի, խորությունը մինչեւ թիկնակ՝ 43սմ, թիկնակի բարձրությունը նստատեղից՝ 49սմ, հատակից մինչեւ նստատեղ բարձրությունը՝ 42սմ, աթոռի ընդհանուր բարձրությունը հատակից մինչեւ թիկնակի վերին հատվածը՝ 89 սմ:
Վարչապետի աշխատակազմի պահանջներն ավելի թանկ են եւ հարմարավետ՝ գույնը՝ սեւ, շարժական, մետաղական հիմքով, պաստառապատված կտորով, պլաստմասե արմնկակալով, բռնակներով, պտտվող, նստատեղը եւ թիկնակը՝ սպունգապատ, 30մմ հաստությամբ, հինգ անիվների վրա, նստատեղը՝ տարբեր դիրքերում ֆիքսելու հնարավորությամբ, նստատեղը՝ բարձրացվող-իջեցվող, նստատեղի լայնությունը՝ 49սմ, խորությունը՝ 50սմ, մեջքի հատվածի լայնությունը՝ 50սմ, իսկ մեջքի բարձրությունը՝ 52սմ։
Ստացվում է, որ հնարավոր է տարբերակել, թե որ կառույցի բյուջեն որքան ճոխություն կարող է թույլ տալ սեփական աշխատակիցներին»։