
«Արամ Խաչատրյան» պատկերազարդ ժողովածուն նոր լույս կսփռի մեծ արվեստագետի կերպարի վրա

Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ հրատարակված «Արամ Խաչատրյան» անգլերեն պատկերազարդ ժողովածուն ամփոփում է աշխարհահռչակ կոմպոզիտորի կյանքը, նրա ստեղծագործական գործունեությունը, շրջագայություններն ու համերգները, ինչպես նաև հանդիպումները մեծանուն մարդկանց հետ:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից հայտնում են, որ գիրքը գրված է առաջին դեմքով:
Մաեստրոն ինքն իր խոսքերով է ներկայացնում իր կյանքի պատմությունը: Գրքում ընդգրկված են կոմպոզիտորի մտորումներն ու թևավոր խոսքերը, ասույթներ նրա մասին, արտերկրի երաժիշտների և մամուլի արձագանքները, հատվածներ նամակներից, ինչպես նաև բազմաթիվ լուսանկարներ, ազդագրեր, էսքիզներ և ձեռագիր նոտաներ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հավաքածուից, որոնց մեծ մասը հրապարակվել է առաջին անգամ:
Ժողովածուն փաստական հարուստ նյութով, պատմագիտական ընդհանրացումներով հագեցած, պարզ ու գրավիչ լեզվով գրված անգլերեն աշխատություն է: Այն ինչպես պրոֆեսիոնալ երաժիշտների, այնպես էլ երաժշտասեր ընթերցողների լայն շրջանակների համար է, որ նոր լույս է սփռում մեծ արվեստագետի կերպարի վրա:
Գրքում ներկայացված է նաև մուլտիմեդիա բովանդակություն. QR կոդերի օգնությամբ ընթերցողը հնարավորություն ունի ունկնդրելու Արամի Խաչատրյանի ամենահայտնի ստեղծագործությունների բացառիկ, արխիվային ձայնագրությունները՝ հեղինակի և նշանավոր երաժիշտների կատարմամբ, ինչպես նաև հատվածներ եզակի տեսանյութերից և փաստագրական ֆիլմերից:
Ժողովածուն լույս է ընծայել «Արմավ» հրատարակչությունը: Աջակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: