Բաժիններ՝

Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի երկրների հետ զորավարժությունների

Չեզոք կարգավիճակ ունեցող Շվեյցարիան 2024 թվականին օտարերկրյա գործընկերների հետ կմասնակցի 24 զորավարժությունների, որոնք հիմնականում տեղի կունենան ՆԱՏՕ-ի երկրների տարածքում։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Նշվում է, որ ըստ Շվեյցարիայի կառավարության՝ Դաշնային խորհրդի, վեց միջոցառումներ կանցկացվեն Հյուսիսատլանտյան դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։

«2024 թվականի համար հայտարարվել է 24 վարժական միջոցառում, ներառյալ՝ 6-ը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով, – նշել է Դաշնային խորհուրդը: – 18 վարժանքներ նախատեսված են երկկողմ մակարդակով մի շարք պետությունների հետ. չորսը՝ Շվեյցարիայում, տասնչորսը՝ արտերկրում»:

ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրերի շրջանակներում շվեյցարական բանակը, մասնավորապես, կմասնակցի նոյեմբերին Էստոնիայում կայանալիք Cyber Coalition կիբեռպաշտպանության զորավարժություններին, որոնց նպատակն է «բարելավել համագործակցությունը ՆԱՏՕ-ի, նրա անդամների և գործընկեր երկրների միջև»։ Հունիսին Շվեյցարիան Լեհաստանում կմասնակցի CWIX զորավարժություններին, որոնք «հնարավորություն են ընձեռում ստուգելու և բարելավելու ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների տեղեկատվական համակարգերի ֆունկցիոնալ համատեղելիությունը»։

Ինչ վերաբերում է երկկողմ համաձայնագրերի հիման վրա անցկացվող վարժանքներին, ապա Դաշնային խորհրդի 2024 թվականի համար հաստատված ծրագրով նախատեսված է 18 նման միջոցառում։ Դրանցից չորսը տեղի կունենան Շվեյցարիայում, երեքը՝ Իսպանիայում, երկուսը՝ Գերմանիայում, նույնքան՝ Պորտուգալիայում, Սլովենիայում և Ֆրանսիայում, մեկական՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Կիպրոսում։ Այդ երկրներից միայն Կիպրոսը և ինքը՝ Շվեյցարիան է, որ ՆԱՏՕ-ի անդամներ չեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս