
ՀԱՊԿ զորավարժությունները սեպտեմբեր-հոկտեմբերին կանցկացվեն Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում. 2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պլանավորված է վեց միջոցառում: Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։
«Ընթացիկ տարում, ի թիվս համատեղ պատրաստման հիմնական միջոցառումների, նախատեսվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանում՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում, անցկացնել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունները, «Որոնում-2024» հատուկ զորավարժությունը՝ հետախուզական ուժերով և միջոցներով, «Էշելոն-2024» հատուկ զորավարժությունը` ՀԱՊԿ-ի զորքերի նյութատեխնիկական ապահովման ուժերով և միջոցներով», – Սերդյուկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
Նա նաև նշել է, որ Տաջիկստանում պլանավորված է օպերատիվ հավաք կենտրոնասիական տարածաշրջանի արագ ծավալման հավաքական ուժերի հրամանատարության հետ, ինչպես նաև «Ռուբեժ-2024» համատեղ վարժանքները։
«Ղազախստանի Հանրապետության տարածքում պլանավորված է «Անխախտ եղբայրություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունը` ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի հետ», – հավելել է նա։
Զորավարժությունների ակտիվ փուլերի ժամանակ որպես դիտորդ նախատեսվում է ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող այլ պետությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը։