Բաժիններ՝

Գեւորգ Ղարիբյանը քառորդ եզրափակիչում է, Աշոտ Խաչատրյանը պարտվեց

Ռումինիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղարիբյանը հաղթեց մեկնարկում, Աշոտ Խաչատրյանը (72 կգ) պարտվեց:

Եվրոպայի չեմպիոն, բրոնզե մեդալակիր Գեւորգ Ղարիբյանը (60կգ) 1/8 եզրափակիչում 9:0 հաշվով պարտությսն մատնեց Հունաստանի ներկայացուցիչ Իլիաս Զաիրակիսին:

Աշոտ Խաչատրյանը (72 կգ) 1/8 եզրափակիչում ուժերը չափեց 2019 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Բաքու-2015 Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Դոմինիկ Էտլինգերի հետ եւ պարտվեց 3:6 հաշվով:

Երկրորդ մրցումային օրը Հայաստանի հավաքականից մրցագորգ դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչները հաղթել են եւ պայքարը շարունակում են քառորդ եզրափակիչում:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխրահի քառակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն, Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 1/8 եզրափակիչում մրցեց թուրք Բեյտուլա Կաիսդագի հետ եւ 9:1 հաշվով ժամանակից շուտ վստահ հաղթանակ տարավ:

Քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի Հոլանդիայի ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգը:

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում մրցեց Շվեդիայի ներկայացուցիչ Նիկլաս Յան Օլով Պոնտուս Օյլենի հետ եւ հաղթանակի հասավ 2 րոպե, 9 վայրկյանում 12:4 հաշվով:

Քառորդ եզրափակիչում Սլավիկ Գալստյանը կմրցի ռուսաստանցի Ռուսլան Բիչուրինի հետ:

Կարեն Խաչատրյանը (82 կգ) մեկնարկային 1/8 եզրափակիչում գերլարված պայքարում 8:6 հաշվով հաղթեց Խորվաթիայի ներկայացուցիչ Մատեյ Մանդիչին:

Քառորդ եզրափակիչում Խաչատրյանը ուժերը կչափի ռուսաստանցի Իսլամ Ալիեւի հետ:

Երեկոյան մրցահերթում Եվրոպայի երրորդ չեմպիոնության համար կպայքարի աշխարհի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը:

77 կգ քաշայինների եզրափակիչում Ամոյանը կգոտեմարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն թուրք Յուսուն Բասարի հետ:

Բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի 55 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի նորեկ Մանվել Խաչատրյանը: Մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Ստեֆան Գրիգորովն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս