Ճապոնիայում առաջին անգամ բուծել են խոզ, որի օրգանները կարելի է փոխպատվաստել մարդուն
Ճապոնիայում առաջին անգամ հաջողությամբ բուծել են գենետիկորեն ձևափոխված խոզ, որի օրգաններն ապագայում կարող են առանց օրգանիզմի կողմից մերժման փոխպատվաստվել մարդկանց։
Ըստ հրապարակման՝ Մեյձիի համալսարանի հովանու ներքո գործող PorMedTec ընկերությունը հայտարարել է, որ սկզբում քսենոտրանսպլանտացիայի նպատակով (խմբ.` կենդանիների օրգանների փոխպատվաստում մարդու մարմնում) գենետիկորեն ձևափոխված խոզերի բուծման համապատասխան տեխնոլոգիան մշակվել է ԱՄՆ-ում՝ տեղական կենսատեխնոլոգիական ընկերության կողմից։ Ճապոնացի մասնագետները կարողացել են հաջողությամբ կլոնավորել խոճկորին՝ օգտագործելով ԱՄՆ-ից ներմուծված բջիջները։ Ընդգծվում է, որ սա առաջին դեպքն է, երբ Ճապոնիայի տարածքում ծնվել է գենետիկորեն ձևափոխված խոզ, որի օրգանները հետագայում նախատեսվում է փոխպատվաստել մարդուն։
Ճապոնացի մասնագետները ենթադրում են, որ արդեն 2024 թվականին կսկսեն գենետիկորեն ձևափոխված խոզի օրգանները փոխպատվաստել կապիկի մարմնում, ինչը միջանկյալ քայլ է մարդու մարմնում փոխպատվաստման ճանապարհին:
ԱՄՆ-ում 2023 թվականի աշնանը կատարել են գենետիկորեն ձևափոխված խոզի սրտի փոխպատվաստման՝ աշխարհում երկրորդ վիրահատությունը վերջնական փուլում սրտի անբավարարություն ունեցող մարդու մարմնում։ Վիրահատությունը հիվանդին թույլ է տվել ապրել ևս վեց շաբաթ, սակայն, ի վերջո, 58-ամյա տղամարդը մահացել է։ Մերիլենդի համալսարանի մասնագետները, որոնք կատարել են վիրահատությունը, խոստովանել են, որ սկսվել է փոխպատվաստված սրտի մերժում մարդու օրգանիզմի կողմից։
Այսպես կոչված, քսենոտրանսպլանտացիային վաղուց խանգարել է այն հանգամանքը, որ իմունային համակարգը մերժում է օտար հյուսվածքները: Կենսաբաններն այս խնդրի լուծմանը մոտեցել են միայն անցյալ տասնամյակի սկզբին՝ գենետիկական ինժեներիայի շնորհիվ: