Ներքին Հանդի բնակիչները պատմել են, որ կրակոցների հետևանքով ահաբեկվել են, հայտնվել տագնապային վիճակում. ՀՀ ՄԻՊ

Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ փետրվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցերի առնչությամբ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:

«Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակի հետևանքով խաթարվել են քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ միջավայրում ապրելու, կրթության և այլ հիմնարար իրավունքները։

ՄԻՊ աշխատակազմին բնակիչները պատմել են, որ կրակոցները պարզ լսելի են եղել, ինչի հետևանքով իրենք ահաբեկվել են, հայտնվել են անորոշության մեջ, տագնապային վիճակում»,- այս մասին նշված է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններն իրական վտանգ են ներկայացնում անձանց կյանքի իրավունքի և անվտանգության, կրթության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշտադիտարկման և մարդու իրավունքներին առնչվող փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են։

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:

Տեսանյութեր

Լրահոս