
Իրանի ռազմածովային ուժերը հաջողությամբ փորձարկել են մեծ հեռահարության բալիստիկ հրթիռը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը զորավարժությունների ընթացքում կատարել են մեծ հեռահարության բալիստիկ հրթիռի հաջող արձակում։ Այդ մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հասել են մի քանի նոր ձեռքբերումների, որոնցից մեկը ռազմանավից մեծ հեռահարության բալիստիկ հրթիռի հաջող արձակումն է՝ Իրանի օդատիեզերական ուժերի հետ համատեղ», – մեջբերում է նրա խոսքը Fars գործակալությունը:
Նա հավելել է, որ Իրանի դեմ «ցանկացած քայլին կամ դավադրությանը» կհետևի «համապատասխան, կոշտ հակազդում»:
Սալամին հավելել է, որ նման զենքի առկայության դեպքում ԻՀՊԿ-ն կկարողանա խոցել «ցանկացած թիրախ աշխարհի ցանկացած կետում»։
«Մեր ռազմածովային պաշտպանությունը և հարձակողական ուժը` մեծ թվով անօդաչու թռչող սարքերի, թևավոր հրթիռների, իսկ այժմ նաև բալիստիկ հրթիռների հայտնվելով, որոնք ունակ են խոցելու ծովում նավերին, ցուցադրում են արդի (ռազմական) տեխնոլոգիաների բարդ հավաքակազմը», – ասել է Սալամին: