Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից F-16 կործանիչների գործարքի հաստատմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Թուրքիային 40 նոր F-16 կործանիչների վաճառքի և գործող F-16 կործանիչների արդիականացման գործարքի հաստատմանը։

«Մեր կողմից ԱՄՆ-ին ներկայացված պահանջի դրական արդյունքից գոհ ենք: Մեր երկրի նկատմամբ սահմանափակումների վերացմամբ, հուսանք, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունն այսուհետ ավելի արագ կզարգանա»,-ասել է նա:

Փետրվարի 11-ին Կոնգրեսը հաստատել է Թուրքիային 40 նոր F-16 կործանիչների վաճառքի և գործող F-16 կործանիչների արդիականացման գործարքը։

«Կոնգրեսի այս շաբաթվա որոշումը՝ հավանություն տալու Թուրքիայի կողմից 40 նոր F-16-երի ձեռքբերմանը և 79 F-16 ինքնաթիռների արդիականացմանը, մեծ առաջընթաց է: Թուրքիայի F-16-երի պարկը չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի ուժերի համար՝ դաշնակիցների միջև ապագա օպերատիվ համապատասխանեցումն ապահովելու համար»,- Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը մեջբերել էր դիվանագիտական առաքելության ղեկավար Ջեֆրի Ֆլեյքի խոսքը։

Թուրքիան մի քանի տարի առաջ ԱՄՆ-ից պահանջել էր 40 F-16 Block 70 կործանիչ և 80 Block 70 արդիականացման լրակազմեր իր ինքնաթիռների համար։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կոնգրեսի որոշ անդամներ կոչ էին արել նման մատակարարումները կապել Անկարայի քայլերի հետ, որոնք անհրաժեշտ են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ 2024 թվականին Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։

Տեսանյութեր

Լրահոս