Բաժիններ՝

Իսրայելի ներկայացուցիչները մեկնում են Կահիրե՝ պատանդների վերադարձի շուրջ բանակցությունների

Իսրայելը փետրվարի 13-ին պատվիրակություն է ուղարկում Կահիրե՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ գտնվող պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններ վարելու։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Կահիրեում բանակցություններին ներկա կգտնվեն նաև ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վերսկսելու Փարիզում մշակված, երեք փուլ ներառող գործարքի քննարկումները։

Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ իսրայելական կողմից բանակցությունների են մեկնում երկրի Արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի ղեկավար Դևիդ Բառնին, Անվտանգության ծառայության տնօրեն Ռոնան Բարը և իսրայելցի գեներալ Նիցան Ալոնը։

Նշվում է, որ բանակցություններում Իսրայելի ներկայացուցիչների գործընկերները կլինեն ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը, Եգիպտոսի հետախուզության ղեկավար Աբբաս Քամելը և Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանին։

Իսրայելցի պատանդների ազատ արձակումը ՀԱՄԱՍ-ը կապում է իսրայելական բանտերից պաղեստինցիների ազատ արձակման և Գազայում զինադադարի հետ։

Փետրվարի 12-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելը պետք է շարունակի աշխատել ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարի և իսրայելցի պատանդներին պաղեստինցի բանտարկյալներով փոխանակելու շուրջ համաձայնագրի վրա։

«Իսրայելին կոչ եմ անում աշխատել գործարքի վրա», – ասել է նա Սպիտակ տանը Հորդանանի Աբդալլահ Երկրորդ թագավորի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Աբդալլահ Երկրորդն իր հերթին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս