Հայաստանի անդամահատման հիմքում կանգնածները հայտնի են. Սուրեն Սուրենյանց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին արված հայտարարություններն ամբողջությամբ տեղավորում է Արևմուտքից պարտադրված օրակարգային պահանջների մեջ՝ Փաշինյանին կոչ անելով անկեղծորեն ժողովրդին հենց այդ մասին պատմել։
«Հայաստանի Անկախության հռչակագրի 12 սկզբունքներից կամ դրույթներից որևէ մեկում Լեռնային Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չկա, ընդամենը նախաբանում հղում է արված այդ պահի ստատուս-քվոյին։ Չմոռանանք, որ այդ հռչակագիրն ընդունվել էր, երբ Խորհրդային Միությունը կար, երբ հարցի լուծման բանալին միացման կոնցեպտն էր, ինչն այդ միության փլուզումով դուրս եկավ օրակարգից և փոխարինվեց ազգերի ինքնորոշման սկզբունքով, հետևապես, եթե Փաշինյանի տրամաբանությամբ գնանք, ապա Ադրբեջանը 1994 թվականին ոտնձգություն է կատարել իր իսկ տարածքային անձեռնմխելիության նկատմամբ, և Բիշքեկում զինադադարի մասին պայմանագիր է ստորագրել Արցախի ներկայացուցչի հետ։ Հիմա ի՞նչ, Բիշքեկի փաստաթուղթն է՞լ պետք է չեղարկել»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը Հայաստանի Անկախության հռչակագրի հետ խնդիր չի տեսել. ՄԱԿ-ը Հայաստանին իր շարքերն է ընդունել հենց այդ փաստաթղթով։
«Նշանակում է՝ ՄԱԿ-ը չի համարել, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ուստի ավելի լավ է, որ Փաշինյանը հասարակությանը շատ հստակ բացատրի, թե ո՞րն է Անկախության հռչակագիրը չեղարկելու բուն նպատակը։ Այն օրը՝ Ազգային ժողովում, նա ասաց, որ Սահմանադրությունը փոխվում է, որովհետև գլոբալ ենթատեքստ կա։ Հայտնաբերում ենք, թե ովքե՞ր են կանգնած Հայաստանի անդամահատության հիմքերում։ Փաշինյանի գերնպատակը խաղաղության պայմանագիրը չէ, հետևաբար՝ այդ պայմանագրից բխող նոր Սահմանադրության ընդունումն էլ չէ։ Փաշինյանի գերնպատակը Հայաստանի ռազմավարական կողմնորոշման փոփոխությունն է, ռուսական ազդեցությանը վերջ տալ և ինտեգրվել իր պատկերացրած արևմտյան աշխարհին»,- մանրամասնեց Սուրենյանցը։
Մանրամասները՝ տեսանյութում։